Ուկրաինան մոտենում է Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի հինգերորդ ձմռանը, և ուկրաինական քաղաքների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներն ավելի բարդ և փաստացի անդադար են դարձել։ Independence Avenue Media-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ավագ գիտաշխատող, Ուկրաինայի կառավարության նախկին խորհրդական Կատերինա Բոնդարը։
Ռուսաստանն այժմ համատեղում է դանդաղ «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը ավելի արագ ռեակտիվ շարժիչով անօդաչուների և հրթիռների հետ՝ դրանք արձակելով այնպիսի հոսքով, որը բավարար է Ուկրաինայի օդային պաշտպանությունը քայքայելու համար։
Բոնդարի պնդմամբ՝ Ռուսաստանում գիտակցում են, որ չեն կարող հաղթել մարտի դաշտում, այդ պատճառով փորձում է Ուկրաինան քանդել ներսից՝ թիրախավորելով երկրի տնտեսությունը, լոգիստիկան և էներգետիկ ցանցը, ինչպես նաև հոգեբանական ճնշում գործադրելով բնակչության վրա։
Նրա եզրահանգումները վկայում են այն մասին, որ ռուսական «Գերան» հրթիռները ենթարկվում են խոշոր տեխնոլոգիական արդիականացման մոտավորապես յուրաքանչյուր 90 օրը մեկ։ Փորձագետը վստահեցնում է, որ ռուսական զենքի էլեկտրոնիկայի շուրջ 70%-ն արտադրվում է արևմտյան ընկերությունների կողմից և Ռուսաստան հասնում երրորդ երկրների միջոցով։
Կատերինա Բոնդարը կարծում է, որ նույն մատակարարման շղթան բացատրում է նաև փակուղին։ Ըստ նրա՝ ռուսներն ու ուկրաինացիները «սնվում են նույն կերակրատաշտից», գնում են նույն չինական բաղադրիչները և հավաքում նույնանման անօդաչու թռչող սարքեր, ուստի ոչ մեկն առավելություն չունի։ Նա Չինաստանը նշում է որպես հիմնական շահառուներից մեկը, քանի որ ստացվող պատվերները ցույց են տալիս պահանջարկը և տեխնոլոգիական զարգացումները: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները, որը թույլ չի տալիս չինական բաղադրիչների օգտագործումն իր զինված ուժերի կարիքների համար, ստիպված է զրոյից կառուցել իր սեփական արդյունաբերական բազան․ խնդիր, որը նա անվանում է իրագործելի, բայց ժամանակ և ներդրումներ պահանջող։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից