ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրջորեն դիտարկում է 2028 թվականի նախագահական ընտրություններին չառաջադրվելու հնարավորությունը՝ հաշվի առնելով միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած կորուստները. գրել է CNN-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։
«Անցյալ շաբաթ տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների հիասթափեցնող արդյունքներից հետո փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրջորեն մտածում է 2028 թվականին նախագահի պաշտոնում չառաջադրվելու մասին»,- գրել է հեռուստաալիքը։
Վենսի մոտ մեկ տասնյակ դաշնակիցներ ու խորհրդականներ հայտնել են, որ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել իր քաղաքական ապագայի վերաբերյալ։ Ըստ տեղեկությունների՝ փոխնախագահին մտահոգում են Դոնալդ Թրամփին աջակցող շարժման ներսում առկա պառակտումները, Իրանի հետ հնարավոր հակամարտության հետևանքները, նաև ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությունը։
Այնուամենայնիվ, Վենսի՝ նախագահական մրցապայքարին միանալու հնարավորությունը դեռևս օրակարգում է։ Նրա դաշնակիցներից ոմանք համոզված են, որ ի վերջո նա կորոշի առաջադրվել, իսկ ինքը՝ փոխնախագահը, վերջնական որոշում կայացնելու համար որևէ վերջնաժամկետ չի սահմանել։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի նոյեմբերի 7-ին։ Հանրապետական կուսակցության շրջանակներում որպես հիմնական հավակնորդներ հաճախ նշվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, մինչդեռ Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածուների ցանկում են Կալիֆոռնիայի և Փենսիլվանիայի նահանգապետեր Գեւին Նյուսոմն ու Ջոշ Շապիրոն։