Բարսելոնայում բնակարանային ճգնաժեմի դեմ բողոքի ցույցերը վերաճել են բախումների և թալանի

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերը, որոնք նվիրված էին վերջին 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլին, ավարտվել են ոստիկանության հետ բախումներով և զանգվածային անկարգություններով։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ցույցերի գլխավոր առանցքը անցել է Բարսելոնայի գլխավոր պողոտայով՝ Պասեո-դե-Գրասիայով։ Ըստ ոստիկանության տվյալների՝ ցերեկային խաղաղ երթին մասնակցել է շուրջ 55 հազար մարդ, մինչդեռ արհմիությունները պնդում են 400 հազար մասնակցի մասին։ Ցույցի պատճառը երկրում խորացող բնակարանային ճգնաժամն է, բարձր վարձավճարներն ու բնակիչների զանգվածային վտարումները, որոնց դեմ համատեղ հանդես են եկել Իսպանիայի խոշորագույն UGT և CCOO արհմիությունները։ Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ Իսպանիայում այս պահին առկա է մոտ 750 հազար տան դեֆիցիտ, որը մինչև 2028 թվականը կարող է գերազանցել մեկ միլիոնը։

Սակայն պաշտոնական ակցիայի ավարտից հետո իրավիճակը կտրուկ լարվել է։ Դիմակավորված անձինք սկսել են փողոցներում այրել աղբարկղեր, ջարդել խանութների վիտրիններ և թալանել դրանք։ Բրիտանական հեռուստառադիոհաղորդական կորպորացիայի թղթակիցների փոխանցմամբ՝ առավել շատ տուժել է Lego խաղալիքների խանութը, ինչպես նաև փորձեր են արվել ներխուժել Apple-ի խանութ։

Չնայած այս անկարգություններին՝ ցույցի մասնակիցներից մեկը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ հիմնական ակցիան անցել է շատ խաղաղ և նույնիսկ «ուրախ» մթնոլորտում, քանի որ փողոցներում շատ են եղել երեխաներ ու տարեցներ, ովքեր պարզապես պահանջել են լուծել բնակարանային սուր հարցը։ Փողոցային բախումներից և հրդեհներից հետո իրավապահները ստիպված են եղել ուժ կիրառել կարգուկանոնը վերականգնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment