Եվրոպական երկրների ղեկավարները Դուբլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի աճող ճնշումներին և ԵՄ աջակցության միջոցառումներին։
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ճնշումների ուժգնացումը մտահոգության առիթ է դարձել եվրոպական մի շարք երկրների առաջնորդների համար, Մոսկվան հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել և սպառնացել էներգակիրների մատակարարումներն օգտագործել որպես ճնշման գործիք։ Այս մասին ասվում է Փաշինյանի և Հայաստանին աջակցող հիմնական խմբի (Core Group) ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարությունում, հատնում է Factor.am-ը:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպում են ունեցել Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Լեհաստանի ղեկավարներն ու ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանը և դիմակայունությանը։ Հինգ ամիս առաջ Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Դրանք Հայաստանի ժողովրդին հնարավորություն տվեցին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի բազմակողմ միջամտությանը։
Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանի անմիջական քաղաքական և տնտեսական ճնշումները Հայաստանի նկատմամբ միայն աճել են։ Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է սահմանել հայկական արտահանման նկատմամբ և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումներն օգտագործել որպես ահաբեկման միջոց։
Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ճակատագիրը։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսական գործընկերությունները, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով դեպի ԵՄ հայկական արտահանման 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը կասեցնելու՝ Եվրոպական միության որոշման վրա։
Մենք ընդունում ենք Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները և կշարունակենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու բարգավաճ և դիմակայուն ժողովրդավարություն ու զարգացած տնտեսություն, որը լիարժեք ինտեգրված կլինի տարածաշրջանային փոխկապակցվածության ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին։
Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք խրախուսում ենք հետագա ջանքերն այս ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի»,-ավում է հայտարարության մեջ:
2025 թվականի մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Եվրոպական միությանը անդամակցության գործընթացի մեկնարկը նախատեսող օրենքը։ Նույն թվականի դեկտեմբերին Երևանն ու Բրյուսելը հաստատել են երկկողմ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը՝ սահմանելով համագործակցության հետագա զարգացման առաջնահերթությունները։
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ առևտրային սահմանափակումներ է կիրառել։ Ռուսաստանի կողմից հայկական արտահանման նկատմամբ սահմանափակումների սահմանումից հետո Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսությանն աջակցելու նոր միջոցառումներ է հաստատել։
Սեպտեմբերի 24-ին ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի համար առևտրի ժամանակավոր ազատականացման մեխանիզմներին, որոնցով նախատեսվել է երկու տարի ժամկետով վերացնել Եվրամիություն ներմուծվող հայկական որոշ ապրանքատեսակների նկատմամբ գործող մաքսատուրքերը։ Նոր արտոնյալ առևտրային ռեժիմն ընդգրկել է Հայաստանից դեպի Եվրամիություն իրականացվող արտահանման մոտ 80 տոկոսը: