ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Factor TV-ի եթերում  անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ԵՄ-ին անդամակցելու գործընթացին, ներքաղաքական դաշտի զարգացումներին, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին։

Խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու, բայց կառույցից չհեռացնելու Ռուսաստանի քաղաքականության մասին՝ քաղաքագետը նշում է, որ դա արվում է միտումնավոր. 

«Չեն հեռացնելու, իրենք սպասում են, որ այդ քայլը՝ դուրս գալու մասին, անի Հայաստանի Հանրապետությունը։ Նույնը վերաբերում է ԵԱՏՄ-ին։ Չնայած իրենք ավելի շուտ մեզ ԵԱՏՄ-ից կհեռացնեն, եթե կարողանան, որովհետև դա մեզ ավելի մեծ վնաս է պատճառելու, քան ՀԱՊԿ-ը։ Մենք ուզում ենք հեռանալ, բայց երևի թե ինչ-ինչ պատճառներով Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում պաշտոնապես խոսել դրա մասին։ Ասում են՝ թող հեռացնեն, եթե ուզում են։ Բայց Ռուսաստանն այսպիսի մեթոդներ կկիրառի՝ զրկում են ձայնի իրավունքից…»:

Գնահատելով առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին Փաշինյանի հայտարարությունը՝ Դալլաքյանն ընդգծում է դրանց ոչ իրատեսական լինելն ու վտանգները. «Եթե տեղի ունենան վատագույն սցենարները ԱՄՆ ընտրությունների հետ կապված, Իրան-Եվրամիություն հարաբերությունները ավելի սրվեն… այս իրավիճակում խոսել Եվրամիության անդամակցության մասին, որ դա կարող է լինել երկու-երեք տարուց, դա իրատեսական չէ։ Հայաստանը խոսքային մակարդակով էնպիսի իրավիճակ է ստեղծում, որ դեռ ոչ մի քայլ չկա, դեռ որևիցե ազդակ չկա, իրենք էլ են ասում, որ դեռ ժամանակավրեպ է խոսել այդ մասին, բայց մենք այսպիսի բան ենք անելու: Դա առաջացնում է Ռուսաստանի ուղիղ ռեակցիան այն պայմաններում, երբ քայլ չկա: Խոսքային մակարդակով մենք ավելի առաջ ենք, դա շատ մեծ սխալ է»:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հակաիշխանական պայքարին՝ քաղաքագետը նշում է, որ իրական այլընտրանք չի ձևավորվում. «Այդ այլընտրանքը չկա քաղաքական դաշտում։ Քաղաքական դաշտը լրիվ մոնոպոլիզացվել է դավաճան-կապիտուլյանտ բառապաշարով: Այլընտրանքը մինչև այսօր չեն կարողացել ձևավորել, նախ որովհետև ականներ կան ընդդիմադիր դաշտում, որոնք իրենք խանգարում են միավորմանը։ Օրինակ, ես մարդիկ գիտեմ, որոնք ասում են՝ մենք ընդդիմադիր ենք, բայց իշխանական կայքերում այնպես են գովաբանում իշխանությանը, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ինքը իր մասին էդպիսի բարձր կարծիք չունի»:

Դալլաքյանը խոսում է նաև նախկին նախագահների գործոնի մասին, որոնք անհնարին են դարձնում պայքարի հաղթանակը. «Եթե Սերժ Սարգսյանը կա այդ ամեն ինչի մեջ, դա ձախողված է։ […] Հասկանու՞մ եք, եթե դուք, օրինակ, Ռոբերտ Քոչարյան եք, տեսնում է, որ ինքը չի կարող գալ իշխանության, դա ռեալ… ընտրությունների արդյունքներով արդեն ութերորդ տարին է, և գիտի, որ իր դեմքը միայն կերկարացնի Նիկոլ Փաշինյանի ընդմիջումը… բայց իրենք չգնահատված թող մնան, բայց եթե նա մտածում է ժողովրդի մասին, թող դուրս գա էս ամեն ինչից… Հենց այն, որ նա դուրս չի գալիս, մինչև այսօր չի ունեզրկվել կամ չունի բանտում հայտնվելու որեւէ մի օրակարգ…»:

Մեկնաբանելով ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ ամերիկյան բանակցային պրոցեսներն ու ՌԴ իրական նպատակները՝ քաղաքագետն ասում է. «Հեքիաթ է ՌԴ-ի պահանջը, որ ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան պիտի չդառնա։ Բա Ֆինլանդիան դարձավ, ավելի մոտ է ՌԴ-ին ՆԱՏՕ-ի բազաները, ինչո՞ւ հանգիստ ընդունեցին։ Ռուսաստանը ցանկանում է նոր Յալթա»:

Նա անիրատեսական է համարում պատերազմի ավարտը, նշելով, որ ՌԴ-ի նպատակը Ուկրաինան շարունակական պատերազմում ջլատելն ու պարտության մատնելն է։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment