ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել 2027 թվականի բյուջեի շուրջ

Եվրամիության խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը համաձայնության են եկել ԵՄ 2027 թվականի տարեկան բյուջեի շուրջ, որը 2021–2027 թվականների բազմամյա ֆինանսական շրջանակի (MFF) վերջին բյուջեն է։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։

Համաձայնագրով նախատեսվում է 199.7 մլրդ եվրո բյուջետային պարտավորություններ և 211.5 մլրդ եվրո փաստացի վճարումներ։ Բացի այդ, բազմամյա ֆինանսական շրջանակի ծախսային սահմանաչափերի ներքո պահպանվել է 710.1 մլն եվրո պահուստ՝ չնախատեսված կարիքներին արագ արձագանքելու համար։

ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն՝ համաձայնեցված բյուջեն կապահովի միության ռազմավարությունների և ծրագրերի իրականացումը, ինչպես նաև հնարավորություն կտա արձագանքել ընթացիկ ճգնաժամերին, մասնավորապես՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիայի ֆինանսների նախարար և բյուջետային բանակցությունների գլխավոր ներկայացուցիչ Սայմոն Հարիսը նշել է, որ բյուջեն պետք է լինի հավասարակշռված՝ ապահովելով քաղաքացիների կարիքների բավարարումն ու ապագային ուղղված ներդրումները՝ առանց անդամ պետությունների բյուջեների և հարկատուների վրա լրացուցիչ բեռ ստեղծելու։

Ձեռք բերված համաձայնությունը դեռ պետք է պաշտոնապես հաստատեն Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը։ Խորհրդում բյուջեի ընդունման համար անհրաժեշտ է որակյալ մեծամասնության աջակցությունը։

Միաժամանակ Եվրամիությունը նախատեսում է Բրյուսելում արտահերթ գագաթնաժողով անցկացնել՝ քննարկելու 2028–2034 թվականների երկարաժամկետ բյուջեն։

Leave a comment