«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 ամբաստանյալների գործով հերթական դատական նիստն ավարտվեց լարված։

Նիստի ընթացքում Գալստանյանը, անդրադառնալով գործում առկա ապացույցների և փաստաթղթերի հետազոտմանը, դժգոհություն հայտնեց, որ մեղադրող կողմը որևէ հստակ բան չի փաստում և բովանդակային խոսք չի ասում՝ առաջ քաշված հարցերը թողնելով եզրափակիչ ելույթներին։

«Հետազոտություններն ի՞նչ ցույց տվեցին, ի՞նչ փաստեցին, ի՞նչ վկայություն տվեցին։ Ասելիք չունեն, դրա համար չեն կարող ասել։ Խնդիրը սա է ամբողջությամբ»,- հայտարարեց նա։

Ի պատասխան՝ հանրային մեղադրողը դիմեց դատարանին՝ նշելով, որ չի պատրաստվում «մտնել անպտուղ բանավեճերի մեջ» և տեղի տալ դահլիճում հնչող հայտարարություններին․ «Ես կողմ չեմ մերկապարանոց, պրովոկացիոն հայտարարություններ անելուն նիստերի դահլիճում…»։

Դատախազի այս արտահայտությունը բուռն վրդովմունք առաջացրեց ամբաստանյալների շրջանում։ Նրանք տեղից ընդհատեցին մեղադրողին՝ որակեցին նրա խոսքերը որպես վիրավորանք․

«Սա վիրավորա՞նք չէ։ Մերկապարանոցը Ձե՛ր արածն է ամբողջ։ Գողական ես դու, այ տղա, խուժան ես դու»,- դատախազին արձագանքեց Գալստանյանը, ապա հավելեց՝ «Դուք կամ գողական եք, կամ խւժան եք, որոշեք, որ մեկն եք»։

Ամբաստանյալների խոսքից հետո իրավիճակը կտրուկ թեժացավ նաև դահլիճում։ Նիստին հետևող քաղաքացիները սկսեցին ծափահարել և վանկարկել՝ «Սըր-բա-զան», ինչպես նաև վիրավորական արտահայտություններ հնչեցնել դատախազների հասցեին։

Ստեղծված իրավիճակում նախագահող դատավորը կարգադրեց դահլիճից հեռացնել բոլոր ներկաներին․ «Դահլիճից ազատե՛ք բոլորին»։

Դատական կարգադրիչները սկսեցին քաղաքացիներին դուրս հրավիրել դահլիճից, ինչն ուղեկցվեց հրմշտոցով, քաշքշուկով և բողոքի բացականչություններով։ Ներկաները բղավում էին՝ «Ամո՛թ», «Դավաճաննե՛ր», իսկ դատախազները, չսպասելով նիստի պաշտոնական ավարտին, կարգադրիչների ուղեկցությամբ լքեցին դահլիճը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment