Բանակում ողբերգական ինքնասպանությունները այս կամ այն աղանդի հետ կապելու մասին ՔԿ նախագահի հայտարարությունից հետո հանրային հետաքրքրություն է ձևավորվել թեմայի վերաբերյալ՝ որքանո՞վ է Արթուր Պողոսյանի հայտարարությունը համապատասխանում իրականությանը, իրո՞ք Հայաստանում կան աղանդներ կամ թեկուզ մեկ աղանդ, որտեղ դրա անդամների մոտ այնպիսի տրամադրություններ են սերմանվում, որ ինքնասպանությունը դառնում է բնականոն գործընթաց, այսինքն՝ այդպիսով մարդկանց ինքնաբերաբար դրդում են ինքնասպանության և հատկապես բանակում, հայտնվելով հոգեկան ճնշման տակ և ըկճված լինելով, երիտասարդները առանց երկար մտածելու դիմում են այդ քայլին։
Հատկապես զորակոչի տարիքի տղաներ ունեցող ծնողների համար այդ հայտարարությունը մտահոգիչ է, քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորված լինել, որ իր որդին նման մի աղանդի ճիրաններում հայտնված չի լինի։
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովում քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե զինծառայողների ինքնասպանության պատճառ է դարձել որոշակի սեկտայի՝ աղանդի հարելը և այդ հայտարարությունից անմիջապես առաջ ինքնասպան եղած զինծառայողի մարմնին հայտնաբերվել է «նման հակման մասին վկայող դաջվածք»:
«Հիմա այս վերջին օրինակով անձի վրա դաջվածքներ են եղել․ հոգեբաններն ասում են, որ հենց ինքնասպանության հակված անձինք են նման դաջվածքներ անում, և սա ազգային անվտանգության խնդիր է։ Բայց բոլոր դեպքերի մասին չէ խոսքը, մի քանի այսպիսի դեպքեր արդեն ունենք»,- հայտարարել է ՔԿ նախագահը՝ հավելելով, որ պատրաստվում է նամակ ուղարկել ԱԱԾ, քանի որ նման աղանդների գոյությունն ու մարդկանց հոգեորսությունը ազգային անվտանգության խնդիր է:
MediaHub-ը փորձեց ՔԿ-ից պարզել՝ դիմե՞լ են արդեն ԱԱԾ, քանի որ Արթուր Պողոսյանի հայտարարությունից հետո մեկ շաբաթ է անցել, իսկ նման խնդիրը պետք է այսրոպեական լուծում ստանա, քանի որ խոսքը մարդկանց կյանքի ու անվտանգության մասին է։
Սակայն ՔԿ-ից մեզ որևէ հստակ պատասխան չտվեցին՝ հայտնելով, որ այդ հարցի հետ կապված ոչինչ չեն մեկնաբանում։ Այնինչ սա հենց այն հարցն է, որը հանրային անհանգստություն է առաջացրել և հրատապ կարգով պետք է հանրությունը տեղեկացվի, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են արվել և եթե ՔԿ նախագահի նշած վտանգն իսկապես կա, ապա հնարավորինս արագ այն պետք է չեզոքացվի ու փարատվի հանրային անհանգստությունն ու մտահոգությունը։ Երբ իշխանությունները ընդդիմադիր որևէ գործչի քաղաքական գործունեությունը կասեցնելու մտադրություն են ունենում, անմիջապես իբրև հանրային հաշվետվողականությամբ տարատեսակ ձայնագրություններ ու տեսագրություններ են հանրայնացնում այս կամ այն ենթադրյալ օրինախախտման վերաբերյալ՝ դա ներկայացնելով իբրև ծանր հանցագործություն։
Այնինչ այս դեպքում, երբ խոսքը մարդկային կյանքի մասին է, նման հաշվետվողականություն ու փութաջանություն կառավարությունն ու իշխանությունները չեն ցուցաբերում՝ այդպիսով ի ցույց դնելով իրենց գործողությունների անկեղծության մակարդակը և իրական մղումները։ Հանրային անվտանգության նկատմամբ ճիշտ այդպիսի վերաբերմունքով իշխանությունները նպաստեցին Շաքիում Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի հանցավոր գործողություններին՝ անհասկանալի գաղտնիություն ցուցաբերելով։ Հիմա էլ եթե իսկապես աղանդավորական ազդեցության վտանգ կա, ապա ինչո՞ւ են լռում պաշտոնյաները, ինչու չեն նախազգուշացնում, զգոնության կոչ անում, բացահայտում հանցավոր ազդեցությունը, իսկ եթե թաքցնում են, ակամա համագործակցության ու գործը ծածկադմփոց անելու կարծիք է ձևավորվում։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում կան աղանդներ, և դա գաղտնիք չէ, հոգեբանը նաև չբացառեց, որ որոշ աղանդներ կամ գուցեև մեկ աղանդ կարող են մարդկանց մոտ ինքնասպանության տրամադրություններ սերմանել, քանի որ դրանք տարածված են աշխարհում։ Բայց ամեն դեպքում նա պնդեց, որ բանակի ղեկավարությունն է պատասխանատու այն բանի համար, որ բանակում աղանդներն ազդեցություն ունեն, քանի որ չի հսկել իրավիճակը և ընդհանրապես չի կարողանում անվերապահ վերահսկողության տակ պահել բանակում տիրող վիճակը, բարքերը, բանակայինների գործողությունները։
Եթե բանակում աղանդավոր է զորակոչվել, ապա դրա մասին պետք է հստակ տեղեկատվություն տրամադրվի բանակի ղեկավարությանը կամ իրենք պետք է յուրաքանչյուր երիտասարդի համար տեղեկություններ հավաքագրեն՝ նրա ծառայությունն արդյունավետ ու անվտանգ իրականացնելու համար և եթե տեղեկություն ունեն, որ այս կամ այն զորամասում որևէ աղանդի հարող, առավել ևս ինքնասպանության տրամադրություններ սերմանող աղանդի հարող երիտասարդ կա, ապա նա պետք է հատուկ ուշադրության կենտրոնում լինի։ Հոգեբանը համոզված է՝ եթե տեղեկացված չի եղել պաշտպանության նախարարությունը, ուրեմն կարող ենք հետևություն անել, որ բանակը ղեկավարություն չունի և չի կարողանում իրավիճակը վերահսկել։
«Ինքնասպանության հակված մարդիկ բոլոր ազգերի մեջ կան, և դրա համար զորակոչիկները բուժզննության ժամանակ նաև հոգեբուժական զննություն են անցնում։ Եվ եթե հոգեբուժական զննություն անցնելուց հետո այդ երիտասարդների մոտ ինքնասպանության հակում ի հայտ չի եկել, չի հայտնաբերվել, ապա դա նշանակում է, որ նա եղել է առողջ այնքան, որ ծառայի բանակում, և նրանց մահվանից հետո որևէ մեկն այլևս աղանդներին մեղադրող հայտարարություններ անելու իրավունք չունի, քանի որ այդ երիտասարդներին զորակոչելու պատասխանատվությունը ևս այդ գործընթացում ընդգրկված պետական կառույցների վրա է։ Ուրեմն նրանք մինչև երիատասարդի զորակոչվելը նրա մոտ եղած հոգեբանական խնդիրը չեն հայտնաբերել կամ գուցե պատշաճորեն չեն իրականացրել զննումը։ Բոլոր երիտասարդները, որոնք ունեն նման հակումներ, հոգեբուժական հիմնարկներում որոշակի բուժում են անցնում, և նրանց ծառայությունը հետաձգվում է կամ ընդհանրապես կասեցվում է։ Իսկ այդ երիտասարդները փաստացի անցել են բուժհանձնաժողովի քննությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա համար զինծառայողների ինքնասպանության դեպքերը աղանդների վրա բարդելը հերթական անգամ բուն պատասխանատվությունից խուսափելու չարդարացված քայլ է, որը փաստում է, որ այս իշխանությունները և նրանց ստեղծած կառավարությունը չի ցանկանում որևէ բանի համար պատասխանատվություն ստանձնել և ի վերջո ընդունել, որ այս կամ այն ողբերգությունը, դժբախտությունը տեղի է ունեցել իրենց անգործության, անփութության, անտարբերության հետևանքով։ «Լավ մի դեպքն այդպես բացատրեցիք, մյուսն՝ այլ կերպ բացատրեցիք, Փաշինյանը ոչ կանոնադրական հարաբերություններ վրա է բարդում խնդիրը, համարում, որ ինքնասպանությունների պատճառը հերթապահության ժամանակ դիրքում քնելն է։ Երբ ծնողը երեխային ուղարկում է բանակ, բանակի ղեկավարությունն է ստանձնում երեխայի անվտանգությունն ու ապահովությունը, ծնողի պես պատասխանատու է լինում այդ երեխայի ճակատագրի համար։ Արդյո՞ք այսօրվա ղեկավարությունը իրոք պատասխանատու է այդ երիտասարդների կյանքի, առողջության համար։ Այդ երիտասարդները չեն զոհվել մարտական գործողությունների ժամանակ, իրենց պարտքը հայրենիքի առաջ կատարելիս, նրանք ինքնասպան են լինում միջանձնային հարաբերությունների պատճառով, ինչը կարելի էր կանխել։ Բայց դա չի արվել, ինչի հետևանքով ունենք և շարունակաբար ունենում ենք շարունակական մահեր բանակում»,- հավելեց Միհրդատ Մադաթյանը։
Նրա կարծիքով՝ բանակին մեծ հարված հասցվեց գնդերեցների ինստիտուտի վերացումը, նրանք մեծ գործ էին անում բանակում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը ներդաշնակ պահելու համար և այն նրանց ներկայությամբ միջանձնային շատ սուր բախումներ կանխվում էին։ Իսկ հանձին նրանց՝ եկեղեցու, հոգևորականի ներկայությունը բանակում բացառելով՝ կառավարությունը զինվորին թողեց մենակ։
Միհրդատ Մադաթյանի նաև համոզված է, որ զինված ուժերում ներդրված հոգեբանների ինստիտուտը, ի տարբերություն գնդերեցների ինստիտուտի, արդյունավետ չի գործում, որովհետև այն լիարժեքորեն չի ներդրվել ու իր ողջ ներուժով չի կիրառվում։
«Հոգեբանների ինստիտուտը բոլոր զորամսերում չէ, որ գործում է, գուցե թղթի վրա կա, բայց զորամասեր կան, որ ես, համենայն դեպս, հոգեբանների չեմ տեսել։ Բացի դա, միշտ չէ, որ նրանք արհեստավարժ ու պատրաստված մասնագետներ են։ Հոգեբանների հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա՝ դուք հավատում եք, որ զինծառայողը կարող է հաղթահարել իր բարդույթները և ազատորեն ելումուտ անել հոգեբանի մոտ։ Արդյո՞ք դա նորմալ կընկալվի իր ծառայակիցների կողմից։ Այդ մշակույթը չկա, որքան էլ ինստիտուտը ներդրվի, եթե հոգեբանին դիմելուց զինծառայողն ամաչելու է իր ծառայակիցներից, այդ ինստիտոը որևէ արդյունք չի տալու»,- ասում է երակար տարիների փորձառություն ունեցող հոգեբանը, որի համար բանակում ամեն զինծառայողի մահը պետական ինստիտուտների լուրջ թերացման հետևանք է։ Նա ակնկալում է, որ ի վերջո կառավարությունը՝ հանձին պաշտպանության նախարարի պետք է պատասխանատվություն ստանձնի այդ մահերի համար, այլ ոչ թե մեղքը սրա-նրա կամ այսինչ-այնինչ երևույթների վրա բարդի։
Նրա կարծիքով՝ այս իշխանությունների օրոք վերին օղակներում վաղուց մի ավանդակարգ է ձևավորվել, որի համաձայն՝ որևէ արտառոց դեպքից հետո պատասխանատուներն այնպիսի քամահրանքով են պատասխանում իրենց ուղղված հարցերին, ասես իրենք չեն պատասխանատուներն ու մեղավորները։ Բանտում մարդ է մահանում, արդարադատության նախարարը հակադարձում է ու արդարանում, թե ինքն այդ դեպքի հետ ինչ կապ ունի, բանակում ինքնասպանության դեպք է լինում, նորից ուրիշներն են մեղավոր, անխոչընդոտ արբեջանցի է հատում Հայաստանի սահմանը ու վիրավորում հայ կնոջը, պարզվում է էլի մեղավորը ժողովուրդն է, բայց ոչ երբեք իրական պատասխանատուները։
«Երկրորդ-երրորդ դասարանի կրթություն ունեցող մարդու համար էլ հասկանալի է, որ եթե բանակում նման մի քանի դեպք է տեղի ունենում, դրա համար ուղիղ պատասխանատվություն են կրում պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Մի ամբողջ զորամաս հրդեհվեց և 15 զինվոր վառվեց, բայց մինչև հիմա բանակի ղեկավարությունը որևէ պատասխանատվություն չի կրել դրա համար։ Նախարարը մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել, բարձրաստիճան պատասխանատուները, որոնք դատական նիստերին չեն մասնակցում, անմիջական պատասխանատուն են այն դեպքերի համար։ Քանի դեռ նրանց հանդեպ ներողամիտ վերաբերմունքը շարունակվում է, բանակում իրավիճակը չի փոխվելու»,- նման եզրահանգման եկավ հոգեբանը։
Ինչ վերաբերում է բանակում ինքնասպանությունները որևէ աղանդի ազդեցությանը վերագրելուն, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նրանք բոլորը որոշում հենց բանակում վերջ տալ իրենց կյանքին, այլ ոչ թե կյանքի այլ իրավիճակներում։ Նշանակում է՝ զորամասերում մթնոլորտն այնպիսին է ու այնքան անկառավարելի, որ երիտասարդներն, անելանելի իրավիճակում հայտնվելով, հոգեկան նեցուկ չեն կարողանում գտնել ու սեփական կյանքին վերջ տալուն են դիմում։
Ի՞նչ է արվում այդ մթնոլորտը փոխելու համար։ Հերթական դժբախտ դեպքերը ապացուցում են, որ ոչինչ էլ չի արվում և հետևություններ՝ նույնպես։
Թագուհի Ասլանյան