Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվող նախնական կալանքի և քրեակատարողական համակարգում տիրող աղետալի պայմանների հետևանքով արձանագրված հերթական ողբերգությունը լայն արձագանք է գտել միջազգային հարթակներում։ «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը» (IODA) հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ պահանջելով անկախ և զերծ քաղաքական միջամտություններից քննություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ նոյեմբերի 10-ին անազատության մեջ գրանցված հանկարծամահության փաստով։
Միջազգային կառույցի գնահատմամբ՝ կալանավայրում ընդամենը երեք շաբաթ անցկացնելուց հետո Գևորգյանի մահը ցայտուն կերպով ի ցույց է տալիս իշխանությունների արատավոր պրակտիկան, երբ կալանավորումը ծառայեցվում է որպես քաղաքական պատժիչ և ահաբեկման գործիք։ 46-ամյա քաղաքական գործիչը, հիշեցնենք, կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից ընդամենը օրեր առաջ, աղմկահարույց գործողությունների շրջանակում։ Մահվան նախնական վարկածով՝ արձանագրվել է սրտի կանգ, մինչդեռ իրավապաշտպանները շեշտում են, որ միջադեպը պայմանավորված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններով։
IODA-ի տվյալներով՝ 2019 թվականից ի վեր անազատության մեջ մահացել են ընդդիմադիր երեք գործիչներ՝ Մհեր Եղիազարյանը, Արմեն Գրիգորյանը և Արսեն Գևորգյանը, իսկ միայն 2025 թվականից սկսած կալանավորների մահվան ընդհանուր թիվը հասել է 24-ի։ Կազմակերպությունը կոչ է անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին և միջազգային այլ մարմիններին գործի անկախ քննություն իրականացնել՝ հաշվի առնելով երկրում հակաօրինական կալանավորումների և քաղաքական հետապնդումների ահագնացող մասշտաբները։
Նշենք, որ նոյեմբերի 18-ին Երևանում նախատեսվում է հրապարակել IODA-ի առաջիկա զեկույցը, որտեղ մանրամասնորեն արձանագրվելու են իշխանությունների կողմից նախնական կալանքի և գույքի բռնագրավման մեխանիզմների չարաշահումները՝ անհամաձայնություն արտահայտողների և քաղաքական ընդդիմության դեմ։ Մինչ այդ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս սկսել է պաշտոնական ուսումնասիրություն՝ պահանջելով իրավասու մարմիններից ապահովել գործի բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։