Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ներկայացված մեղադրանքներն անհիմն են և Լեռնային Ղարաբաղի համար պատասխանատվությունն այդ կազմակերպության և Ռուսաստանի վրա բարդելու փորձ։ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Երևանը շատ բան կկորցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ի նկատմամբ նման անհիմն դժգոհությունը, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա բարդելու փորձ է։ ՀԱՊԿ-ն այդ պայմաններում գործել է խստորեն իր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան»,- Հանոյում լրագրողների հետ զրույցում ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը պահպանել-չպահպանելու որոշումը Երևանի իրավունքն է, սակայն եթե որոշումը բացասական լինի, ապա «Հայաստանը շատ բան կկորցնի»։

Մատվիենկոն նաև հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունի Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության հարցում, դա որևէ կերպ չի ազդի միության կայունության վրա, հավելել է նա։

«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա անկախ Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումից՝ դա որևէ կերպ չի ազդի միության կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունը և փոխշահավետությունը։ ԵՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ այլ պետությունների հետաքրքրությունն անընդհատ աճում է»,- ասել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ Երևանը չի կարող անդամակցել Եվրամիությանը՝ միաժամանակ մնալով ԵՏՄ կազմում, այս կազմակերպություններին անդամակցությունն անհամատեղելի է։

«Եվրամիությանը մասնակցությունը, անդամակցելու ձգտումը և անդամակցության գործընթացի մեկնարկը, այսպես ասած՝ իրավական և նորմատիվային ամբողջ բազայի եվրոպականացումը, անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ Եվ այդ մասին բոլոր առաջնորդները բացահայտ և անկեղծ ասում են՝ անհրաժեշտ է ընտրություն կատարել։ Կցանկանայի նաև, որ այդ ընտրությունը կատարեր հայ ժողովուրդը»,- նշել է Մատվիենկոն։

Նա ընդգծել է, որ ԵՏՄ-ն շատ ձեռնտու է բոլոր մասնակիցներին։

«Այդ թվում՝ Հայաստանը տարիների ընթացքում ազատ առևտրի և այդ երկրների հետ հարաբերությունների հաշվին զգալիորեն մեծացրել է իր տնտեսական ներուժը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի, ինչպես նաև կառույցի պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment