Իսպանիայում նախօրեին համընդհանուր գործադուլի ավարտին երկրի մի շարք քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կյանքի թանկացման և մատչելի բնակարանների պակասի դեմ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Մադրիդում, իշխանությունների տվյալներով, բողոքի ակցիաներին միացել է 120 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, բողոքի ցույցերի կոչ արած վարձակալների միավորումները մասնակիցների թիվը գնահատել են 600 հազար։ Բարսելոնայում, ոստիկանության գնահատմամբ, փողոց է դուրս եկել 55 հազար մարդ։ Վերջին 14 տարվա ընթացքում առաջին համազգային գործադուլը տեղի է ունեցել Իսպանիայի խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկուսուկես շաբաթ առաջ։
Նոյեմբերի 11-ի երեկոյան ցույցերն ընթացել են հիմնականում խաղաղ։ Սակայն Բարսելոնայում, արդեն բողոքի ակցիաների ավարտից հետո, անկարգություններ են սկսվել։ Դեմքերը ծածկած աջ ծայրահեղականների մի խումբ կոտրել է խանութների ցուցափեղկեր, հրկիզել աղբամաններ և շշեր, քարեր ու ճայթուկներ նետել ոստիկանների ուղղությամբ, հաղորդել է RTVE հեռուստաալիքը։ Ոստիկանությունը հարձակվողների դեմ մահակներ է կիրառել։
Ըստ dpa գործակալության՝ նոյեմբերի 11-ին համընդհանուր գործադուլը մասամբ կաթվածահար է արել Իսպանիայի հասարակական և տնտեսական կյանքը։ Երկրի ձախակողմյան կառավարությունն աջակցել է ցուցարարներին։ Միևնույն ժամանակ, աջակողմյան ընդդիմությունը ցույցերը որակել է գաղափարականորեն մոտիվացված։
CCOO արհմիությունների միավորումը համընդհանուր գործադուլը որակել է որպես «լիակատար հաջողություն», որը գերազանցել է կազմակերպիչների սպասելիքները։ Իր հերթին, գործատուների CEOE միավորումը հայտարարել է, որ գործադուլին մասնակցությունը եղել է «նվազագույն»՝ աշխատակիցների 10 տոկոսից պակաս։
dpa-ի տեղեկություններով՝ գործադուլը, մասնավորապես, ազդել է խոշոր ավտոարտադրողների վրա, այդ թվում՝ Պամպլոնայում գործող Volkswagen գործարանի և Մարտորելում գտնվող այդ կոնցեռնի դուստր ընկերության՝ Seat-ի, ինչպես նաև մեծածախ շուկաների ու առևտրային նավահանգիստների, այդ թվում՝ Ալխեսիրասի նավահանգստի աշխատանքի վրա։
Երկրի ամբողջ տարածքում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 52 մարդու, հաղորդում է RTVE-ն։
Իսպանիայում կյանքի թանկացման և մատչելի բնակարանների բացակայության դեմ զանգվածային բողոքի ցույցերի մեկնարկի առիթ է դարձել Մադրիդում բնակարանից 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի վտարումը։ Կինը Իսպանիայի մայրաքաղաքի այդ բնակարանում ապրել է 70 տարի և տարիներ շարունակ դրա համար ամսական 500 եվրո վճարել։ 2018 թվականին անշարժ գույքի սեփականատեր է դարձել նոր ընկերություն, որը բարձրացրել է վարձավճարը՝ այն դարձնելով կնոջ թոշակից ավելի բարձր։ Սեպտեմբերի 23-ին Աբասկալին վտարել էին բնակարանից։ Վտարումից մի քանի օր անց նա մահացել է հիվանդանոցում։
Հոկտեմբերի 5-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին, Իսպանիայի սոցիալիստ վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր խորհրդարանի արձակման և 2026 թվականի նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Իր որոշումը նա հիմնավորել է ստեղծված ճգնաժամային իրավիճակով, որը ծագել էր այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել էր բնակարանային շուկայի բարեփոխման վերաբերյալ կառավարության առաջարկած նախագիծը։
Վերջին տարիներին Իսպանիայում մատչելի բնակարանների պակասի պատճառով ճգնաժամն ավելի է սրվել։ Վարձավճարներն ու բնակարանների գներն աճել են ավելի արագ, քան քաղաքացիների իրական եկամուտները։ Դրա հետևանքով երկրի շատ բնակիչներ, նույնիսկ 30-ից բարձր տարիքում, շարունակել են ապրել ծնողների հետ՝ չունենալով սեփական բնակարան վարձակալելու հնարավորություն։ Բնակարանների գների աճը պայմանավորված է նաև ներգաղթյալների հոսքի ավելացմամբ՝ մատչելի բնակարանաշինության անբավարար ծավալների պայմաններում։ Իսպանիայի Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ երկրում շուրջ 750 հազար բնակարանի պակաս կա։ Ակնկալվում է, որ մինչև 2028 թվականը բնակարանների պակասը կգերազանցի մեկ միլիոնը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի