«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իրավապահ համակարգում քննարկվել է ՀԷՑ-ի գործունեության հետ նախկինում առնչություն ունեցած ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդման հարցը։
Մասնավորապես, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավորներ Հայկ Սուքասյանն ու Դավիթ Ղազինյանը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում եղել է սցենար՝ ՀԷՑ-ի հետ կապված ենթադրյալ չարաշահումների գործի շրջանակում ուսումնասիրել նշված պատգամավորների գործունեությունը և, անհրաժեշտ հիմքեր գտնելու դեպքում, գլխավոր դատախազի միջոցով դիմել Ազգային ժողով՝ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Կարող է քննարկվել նաև նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը կապվում է ՀԷՑ-ի գործունեության և 46.5 միլիարդ դրամի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հետ։
Բայց այս գործընթացը, կարծես թե, այս պահին կանգ է առել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արսեն Գևորգյանի անսպասելի մահից հետո հնարավոր իրավական գործողությունների շուրջ քննարկումները ժամանակավորապես սառեցվել են։ Թեև առայժմ հստակ չէ՝ սա ընդամենը ժամանակավոր դադար է, թե իրավապահների նախնական մտադրություններն առհասարակ վերանայվել են։
Այդուհանդերձ, իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ ՀԷՑ-ի գործի համատեքստում նշված պատգամավորները շարունակում են մնալ իշխանությունների ուշադրության կենտրոնում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։