ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալը։ Վերջինս խոստովանել էր, որ դավաճանել է կնոջը և սիրավեպ է ունեցել չինուհու հետ, որին կասկածում են լրտեսության մեջ։
«Այսօր ես զրուցել եմ Ջենսենի հետ։ Նա ինձ ասաց, որ երբեք չի իմացել, որ այդ կինը լրտես է եղել, և ես իսկապես հավատում եմ նրան»,- լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ», որը «հիանալի աշխատանք է կատարել» երկրի համար։
«Գիտե՞ք, եթե մտածեք այդ մասին, նա ունի չիպ, որի տեխնոլոգիան 10 տարով առաջ է մյուսներից։ Դրա կառուցվածքի բարդության պատճառով այն նույնիսկ հնարավոր չէ կրկնօրինակել։ Ես պարզապես հույս ունեմ, որ խնդիրներ չեն առաջանա։ Ես կարդացել եմ նրա հայտարարությունը և հավատում եմ, որ նա շատ է տառապում , հատկապես՝ ընտանիքի և իր կնոջ պատճառով, որին սիրում է»,- ասել է Թրամփը։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Nvidia-ի ղեկավարը կմիանա իրեն Ասիա կատարելիք այցի ընթացքում, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «անկասկած, նրան իր հետ կտանի»։
«Ես չեմ լսել, որ նա որևէ վատ բան արած լինի։ Նա գործ է ունեցել ինչ-որ մեկի հետ, բայց չէ՞ որ մյուսներն էլ են ինչ-որ մեկի հետ գործ են ունենում», – հավելել է Թրամփը։
Միաժամանակ, Թրամփը լրագրողներին հայտնել է, որ այդ հարցով այժմ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), սակայն չի հստակեցրել, թե երբ է սկսվել հետաքննությունը, և այլ մանրամասներ չի ներկայացրել։ ՀԴԲ-ն առանձին մեկնաբանություններ չի տվել։
«Ես գիտեմ, որ ՀԴԲ-ն ուսումնասիրում է դա, մեկ այլ տեսանկյունից, բայց կարծում եմ՝ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի։ Ես շատ լավ եմ ճանաչում Ջենսենին։ Կարծում եմ՝ նա շատ արժանապատիվ մարդ է։ Նա ստեղծել է հիանալի ընկերություն՝ ամերիկյան ընկերություն, և ես կարծում եմ, որ նա շատ արժանապատիվ տղա է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկյան Nvidia-ն աշխարհի ամենաթանկարժեք հրապարակային ընկերություններից մեկն է (Apple-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը)։
Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի՝ Չինաստանի քաղաքացու հետ սիրավեպի մասին հայտնել էր The New York Times-ը։ Այդ կինը աշխատել է մի ընկերությունում, որը Nvidia-ից չիպեր է գնում։ Ավելի ուշ Հուանգը նամակ էր գրել ընկերության աշխատակիցներին, որում ընդունել է այդ հարաբերությունների փաստը և ներողություն խնդրել կնոջից ու գործընկերներից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի