Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից բռնության նոր ահազանգի մասին է հաղորդվում։ Այս անգամ տուժողն ազգությամբ ուկրաինացի է, հենց ինքն է անձամբ հաղորդում ներկայացրել զինծառայողների դեմ։

Քննչական կոմիտեից Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հաղորդումը ներկայացվել է հոկտեմբերի 10-ին:

«Ուկրաինայի քաղաքացին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, համաձայն որի՝ Գյումրիի Անի թաղամասում 2 անձ իրեն ծեծի են ենթարկել: Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ առողջությանը թեթև վնաս պատճառելը: Նրանք կալանավորվել են»,- որոշ մանրամասներ է ներկայացնում ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Factor TV-ի տեղեկություններով՝ զինծառայողները պահվում են ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Այս հանգամանքն ուշագրավ է, քանի որ գրեթե բոլոր դեպքերում մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող ռազմաբազայի որևէ զինծառայող պահվել է հենց բազայի տարածքում։ Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել՝ այս պահին մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ ռազմաբազայի զինծառայողներին վերագրվող մեկ այլ միջադեպի մասին, որի վերաբերյալ տեսանյութ էր ուղարկվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ 26 վայրկյան տևողությամբ տեսանյութում տեսանելի է գետնին ընկած երիտասարդի նկատմամբ բռնություն ու նվաստացնող վերաբերմունք, որտեղ զինվորական հագուստ հագած անձինք հարվածելուն զուգահեռ ասում են. «Гюмри — наш город, Ты понял?! Город, ***, русских солдатиков, ***! сестре своей передай. Сестре передай…Да, и до неё тоже доберёмся»։

«Օկուպանտների մտածելակերպով են մոտենում, որը ցույց է տալիս, բացահայտում է ռուսական բազայի և, հանձինս, իր հրամանատարության և նաև Ռուսաստանի Դաշնության իրական նպատակները իրենց ռազմական բազայի դերի և նշանակության առումով: Եվ սա, իհարկե, ոտնձգություն է նաև, ես համարում եմ սպառնալիք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը»,- FactorTV-ի հետ զրույցում ասել էր ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Նա տեսանյութն արդեն իսկ ուղարկել է Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու և վարույթ հարուցելու խնդրանքով։ Մինչ օրս վարույթ չի նախաձեռնվել։

Նշենք, որ այս երկու դեպքերը միմյանց հետ առնչություն չունեն, և խոսքը երկու տարբեր ահազանգերի մասին է։

Ռոզա Վարդանյան

Leave a comment