2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինան ներգրավել է գրեթե 212 մլրդ դոլարի արտաքին ֆինանսավորում։ Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։
«Ստացվել է 211.967 մլրդ դոլար արտաքին բյուջետային ֆինանսավորում` 2022 թվականի փետրվարից ի վեր», – մեջբերում է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը երկրի բյուջեի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ փաստաթղթից։
Ստացված միջոցների հիմնական մասը՝ 150.269 մլրդ դոլարը, բաժին է ընկել վարկերին։ Եվս 61.698 մլրդ դոլար Ուկրաինան ստացել է անհատույց՝ դրամաշնորհների տեսքով։
Ուկրաինայի ֆինանսների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրի պետական պարտքը հասել է 212.6 մլրդ դոլարի։
Կիևի իշխանությունները ձգտում են բյուջեի պակասուրդը ծածկել արտաքին ֆինանսական միջոցների հաշվին։ Միևնույն ժամանակ Արևմուտքում օգնության նոր փաթեթների տրամադրումը համաձայնեցվում է երկարատև քննարկումներից հետո, իսկ գործընկերներն ավելի ու ավելի համառորեն են Ուկրաինային մատնանշում ինքնաֆինանսավորման աղբյուրներն ակտիվորեն որոնելու անհրաժեշտությունը։