Մայրաքաղաքի խցանումներն իսկական պատուհաս են դարձել երևանցիների համար և նոսրանալու փոխարեն ավելի ու ավելի են ահագնանում։
Որքան էլ խոսվում է խնդրի մասին, որքան էլ քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե արդյունավետ լուծումներ են փնտրում, քաղաքի բնակիչները շարունակում են նյարդերը լարել՝ ամենօրյա խցանումները հաղթահարելով իրենց ուզած վայրը հասնելու համար՝ հաճախ ուշացումներով, հոգնած ու սթրեսային վիճակում։
Կարելի է ասել, որ Երևան քաղաքի առաջնային խնդիրը խցանումներն են դարձել, ինչն արդեն ոչ միայն հատուկ պիկ ժամերին է դրսևորվում, այլ նաև օրվա բոլոր ժամերին՝ ոչ միայն փողոցներով երթևեկությունը դժվարացնելով, այլ նաև աղտոտելով մայրաքաղաքի օդը և հանրային առողջության համար այն վտանգավոր դարձնելով։
Մեքենաների ծավալը և խցանումների ժամանակ արտանետվող վառելիքի մնացորդները օդում խտանալով՝ զգալիորեն աղտոտում են այն՝ հատկապես շնչառական ուղիների հիվանդությունների ռիսկեր ստեղծելով։ Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր հավատարիմ թիմակիցները քաղաքում այժմ արդեն գրեթե ամենժամյա ռեժիմով խցանումները պայմանավորում են մարդկանց կյանքի բարելավմամբ, իբրև թե մարդիկ սկսել են շատ ավելի լավ ապրել ու կարողանում են իրենց թույլ տալ մեքենա գնել։ Գուցե առաջին հայացքից իրոք տպավորությունն այդպիսին է, բայց միայն բանից անտեղյակների համար։ Համենայն դեպս, իշխանության ներկայացուցիչները չպետք է նման սիրողական մակարդակի հայտարարություններ անեն՝ քաջ գիտակցելով, որ խցանումների պատճառներից մեկն էլ իրենց՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու և արցախահայերին տունուտեղից, հայրենիքից զրկելու հետևանքն էր, ինչի պատճառով բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը օթևան գտավ Երևանում՝ ծանրաբեռնելով առանց այն էլ բեռնավորված քաղաքային ենթակառուցվածքները։
Իշխանական վերին օղակներին պետք է նաև զեկուցած լինեն, որ մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ, աշխատանք չլինելու պատճառով այնտեղի բնակիչների զգալի մասը հիմնականում սեփական մեքենաներով աշխատանքի է գալիս մայրաքաղաք՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելով Երևանի փողոցների համար։ Սոցիալական գործոնը ևս իր դերն ունի, բայց որոշ դեպքերում դա պայմանավորված է հանրային տրանսպորտի վատ սպասարկումով, քանի որ ավտոբուսների ու տրոլեյբուսների սպասարկման որակից հուսահատված քաղաքացիները նախընտրում են թեկուզ վարկային միջոցներով մեքենա գնել, միայն թե այլևս հանրային տրանսպորտ չբարձրանան ու չբախվեն առկա անհարմարություններին ու տհաճություններին։
Խցանումների պատճառները շատ են, և դրանք հարկավոր է վերլուծել, խմբավորել ու նոր միայն փորձել ըստ առաջնահերթությունների դրանց լուծումներ գտնել՝ ինքնաբերաբար լուծելով նաև խցանման խնդիրը։ Բայց իշխանություններն այս դեպքում էլ ձգտում են գնալ վիրահատական ճանապարհով, ինչը, միևնույն է, հարցը չի լուծում։ Այդպես Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ամենևին չնպաստեց վճարովի կայանման համար նախատեսված այսպես կոչված «կարմիր գծերի» թանկացումը. խցանումներն ինչպես կային կենտրոնում, այդպես էլ մնացին, և միայն այդ գծերից օգտվողները սկսեցին ավելի բարձր գին վճարել կարմիր գծից այն կողմ մեքենան կայանելու համար։
Ի սկզբանե հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագրով նախատեսված էր այնպես վերակազմակերպել այդ հանգույցը, որ երևանցիները նախընտրեին մի կետից մյուսը տեղաշարժվել ոչ թե սեփական մեքենայով, այլ հանրային հարմարավետ ու ավելի մատչելի տրանսպորտով։ Սակայն ստացվեց այնպես, ինչ հիմա ունենք. հանրային տրանսպորտը չի բավարարում անգամ այն քաղաքացիներին, որոնք բացառապես դրանից են օգտվում՝ բազմաթիվ անհարմարությունների բախվելով, ուր մնաց մեքենա վարողները որոշեն ղեկը թողնել և ավտոբուսներից օգտվել։
Ուստի խցանումների դեմ պայքարելու այլ մեթոդների անհրաժեշտություն կա, բայց դեռևս որևէ խելամիտ քայլ չի արվել։ Ընդ որում՝ հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա. անհամեմատ ավելի մարդաշատ մեգապոլիսներում այդ հարցի լուծման համար մի շարք միջոցներ են կիրառվում։ Պարզապես հարկավոր է ընդօրինակել մեզ համար ամենահարմար տարբերակը և տեղայնացնել այն։ Դրանցից մեկի մասին Ազգային ժողովում բյուջեի ներկայացման ժամանակ այսօր խոսեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հղում անելով զարգացած քաղաքների օրինակներին։ Նրա ներկայացմամբ՝ այդ քաղաքներում առաջնահերթությունը տրվում է հանրային տրանսպորտին, և ամեն ինչ արվում է հենց հանրային տրանսպորտի շահագործման հարմարավետության համար, իսկ մասնավոր մեքենաների համար մի շարք սահմանափակումներ են գործում։
«Կա մեկ լուծում, որը տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքները. դա հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ առանձնացված գծերի լուծումներով և ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումներով, ինչը ոչ միայն խցանումների խնդիր է լուծում, այլև հանրային առողջության, քանի որ մեծաքանակ ավտոմեքենաների արտանետումներն առողջության համար ռիսկեր են ստեղծում, մանավանդ շնչառական խնդիրներ ունեցողների»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է քաղաքապետը։
Քաղաքապետը խոստացել է, որ շուտով իրենք խոսքից գործի կանցնեն, քանի որ խցանումների հաղթահարման մասին շատ են խոսում, բայց երևանցիներն այդ ուղղությամբ գործուն քայլեր չեն տեսնում։ Տիգրան Ավինյանը հույս է տածում, որ հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը համատարած գործարկելուց հետո հանրային տրանսպորտով երթևեկելը մինչև 30 տոկոսով կարագանա՝ նվազեցնելով խցանումների տհաճ հետևանքները։ Փոխարենը՝ մարդատար ավտոմեքենաների համար անհարմարություններն ավելի կխստանան, ուստի քաղաքապետն առաջարկում է այդ մեքենաները առանձին հատվածներում կայանելու ենթակառուցվածքներ ստեղծել և որոշակի սահմանափակումներ սահմանել։
«Մեկ հուսալի միջոց պետք է լինի երթևեկելու համար. դա հանրային տրանսպորտն է։ Մեքենայով տեղաշարժվելը կարծես ավելի շատ շքեղություն պիտի դառնա։ Մեր փողոցները ռետինից չեն, ավտոմեքենաների քանակը եթե շարունակաբար աճի, խցանումը չի կորելու, առանց սահմանափակումների չենք կարող լուծում ունենալ, աշխարհում նման լուծում չի ստեղծվել։ Մենք կարող ենք այդ լուծումները տալ հենց եվրոպական քաղաքների նման»,- հավելել է Ավինյանը։
Թեև քաղաքապետը չի հստակեցրել, թե մասնավոր մարդատար մեքենաների համար ինչպիսի սահմանափակումներ կարող են գործել, բայց այսօր արդեն օդում պտտվում են նման լուրեր, որ հնարավոր է մարդատար մեքենաներին թույլ չտան կենտրոն մուտք գործել, վարորդները պարտադրված լինեն դրանք կայանել արվարձաններում և հետագա ճանապարհը շարունակել հանրային տրանսպորտով, կամ դա շատ թանկ հաճույք կարող է դառնալ։ Այդպիսի սահմանափակումներ գործում են եվրոպական որոշ երկրներում, և եթե քաղաքային իշխանությունները որոշեն տեղայնացնել հենց այդ օրինակները, ապա մայրաքաղաքում հանրային տրանսպորտի հանգույցի ծանրաբեռնվածությունը, չի բացառվում, որ ողջ երթևեկությունը կոլապսի առաջ կանգնեցնի, քանի որ համապատասխան քանակությամբ տրանսպորտային միջոցների բացակայության պայմաններում հնարավոր չէ արդյունավետորեն կազմակերպել բոլոր երևանցիների երթևեկությունը միմիայն տրանսպորտով։
Նման լուծման համար նախ հարկավոր է իրոք բարեկարգել հանրային տրանսպորտի համակարգը՝ անհրաժեշտ քանակությամբ ավտոբուսներ ու տրոլեյբուսներ շահագործելով, որոնք կբավարարեն երևանցիների քաղաքակիրթ սպասարկման համար, և ոչ թե այնպիսի պայմաններով սպասարկման, որ մարդիկ նախընտրեն շքեղ հարկեր վճարել ու շարունակել իրենց մասնավոր մեքենաներով երթևեկել, ինչպես եղավ կարմիր գծերի դեպքում։ Մյուս կողմից էլ հարց է՝ Երևանի չվերակառուցված ու չվերափոխված ենթակառուցվածքը պատրա՞ս է այդքան ավտոբուս և տրոլեյբուս սպասարկել։
Ստացվում է, որ երևանյան խցանումները քրոնիկ գլխացավի նման շարունակելու են մեր կյանքի ուղեկիցը մնալ, եթե երևանցիների բարեկեցությունը շարունակի աճել, կամ գոնե չվատթարանա՝ կես լուրջ, կես կատակ։
Թագուհի Ասլանյան