ՌԴ ԱԳՆ․ Երևանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա (PAN.am)

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Երևանը կրկին փորձում է իր ընդունած որոշումների պատասխանատվությունը բարդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, անդամ մյուս պետությունների վրա։

Նա ընդգծել է, որ Հայաստանը, չնայած ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու և անդամավճարները չվճարելու որոշումներին, շարունակում է պահպանել կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երևանին դուրս չենք թողնում մեր համագործակցությունից՝ գործընկերների համար պահպանելով կազմակերպության շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում։ Ավելի շուտ՝ հակառակը. կրկին ակնհայտ են ընդունվող որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը»,- ընդգծել է Պանկինը։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված դրույթները, որոնք վերաբերում են անդամ պետությունների ֆինանսական պարտավորություններին և կազմակերպության ներսում նրանց ձայնի իրավունքին։

«ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև անդամավճարների կուտակված պարտքի ամբողջական մարումը»,- նշել է նա։

Անդրադառնալով նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ Պանկինը ներկայացրել է առաջիկա հանդիպումից ռուսական կողմի ակնկալիքները։

Նրա խոսքով՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը կարևոր նշանակություն կունենա, քանի որ դրանով կամփոփվի ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության հիմնական փուլը։

«Կդառնա կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության գագաթնակետը։ Մեր պետությունների ղեկավարների հաստատմանը նախատեսվում է ներկայացնել փաստաթղթերի ծավալուն փաթեթ, որն ուղղված է կազմակերպության ներուժի հետագա համակողմանի ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային կայունության պահպանման առանցքային մեխանիզմներից մեկի»,- պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Բացի այդ, Պանկինի տեղեկացմամբ՝ գագաթնաժողովի մասնակիցները նախատեսում են քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները:

«Համադրել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգերի արդիական հարցերի շուրջ, որոշել ՀԱՊԿ շրջանակում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները»,- նշել է Պանկինը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ կողմ է ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացմանը և գոհ կլինի, եթե նման որոշում ընդունվի։ Նրա խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր գործունեությունը կազմակերպությունում, քանի որ ՀԱՊԿ-ի նկատմամբ երկրի հետաքրքրությունն արդեն սպառվել է։

2024 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Որպես այդ քայլի հիմնավորում՝ վարչապետը պնդել է, որ կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության համար։

Leave a comment