ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ հայտնվել է Սև ծովի երկնքում

ԱՄՆ-ում գրանցված և ՆԱՏՕ-ի հետախուզական խնդիրների իրականացման համար օգտագործվող Bombardier Artemis II հետախուզական ինքնաթիռը կրկին հայտնվել է Սև ծովի չեզոք ջրերի օդային տարածքում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ օդանավը թռիչքներ է իրականացնում Սև ծովի հարավային հատվածում՝ շարժվելով արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ։

Ինքնաթիռը նախորդ անգամ նույն տարածքում նկատվել էր երեքշաբթի։ Այդ ժամանակ այն շուրջ ինը ժամ անցկացրել էր օդում՝ կրկնելով ամռան ընթացքում սահմանված սեփական ռեկորդը՝ թռիչքի տևողության առումով։

Բացի այդ, նախօրեին Bombardier Artemis II-ը թռիչքներ էր իրականացրել Կալինինգրադի մարզի շրջակայքում՝ պտտվելով դրա շուրջը։ Օդանավի երթուղին անցել էր Լիտվայի և Լեհաստանի տարածքներով, ինչպես նաև Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով։

Ներկայումս ինքնաթիռը թռչում է շուրջ 9 հազար մետր բարձրության վրա՝ չօգտագործելով քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված օդային միջանցքները։ Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավը չի հատել այլ երկրների օդային տարածքը, բացառությամբ Ռումինիայի, որտեղից էլ մեկնարկել էր դրա թռիչքը։

Նշվում է, որ Bombardier Artemis II-ը տեղակայված է Ռումինիայի Կոնստանցա քաղաքի օդանավակայանում։

Leave a comment