Նոյեմբերի 6-ին Երևանում հանդիպում են անցկացրել Հայաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ու Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Քննարկումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։
Հայկական և վրացական կողմերը ողջունել են hանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել պետական սահմանի սահմանազատման գործընթացի կարևորությունը՝ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են արտահայտել շարունակական երկխոսության միջոցով և կառուցողական ոգով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։
Կողմերը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին առնչվող հարցեր։