ՍԱՏՄ-ն արգելել է պիտանելիության ժամկետը փոխած «Կինդեր» քաղցրավենիքի իրացումը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՍԱՏՄ-ն հայտնաբերել է «Կինդեր» քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումը արգելվել է:
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած, «Կինդեր» տեսակի քաղցրավենիք։
«Տեսչական մարմնի կողմից լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել Երևանի Սուրամալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը»,-նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ-ն հորդորել է տնտեսվարողներին մատակարարներից ապրանքը ստանալիս ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետներին և հավաստիանալ, որ դրանք կեղծված չեն, ինչպես նաև՝ պահանջել ուղեկցող փաստաթղթերը, պարտադիր համարել հայերեն մակնշման առկայությունը: