Մասնավոր գործընկերն իրականացնում է գործընթացի միայն տեխնիկական մասը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե ինչպես է ապահովվելու քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը նոր կենսաչափական անձնագրերի համակարգում:
«Տվյալների պաշտպանությունը լիարժեքորեն գտնվում է պետության տիրույթում: Տվյալների կենտրոնը տեղակայված է կառավարական սեկտորներում։ Դրանց տնօրինողը Ներքին գործերի նախարարությունն է», – հայտնել է Դավթյանը` պատասխանելով «Նովոստի-Արմենիա»-ի հարցին «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «ՀայՓաս» սպասարկման կենտրոնում շրջայցի ընթացքում։
Նա ընդգծել է, որ մասնավոր գործընկերն իրականացնում է գործընթացի միայն տեխնիկական մասը՝ հավաքագրում է քաղաքացիների կենսաչափական տվյալները և անմիջապես փոխանցում պետական տվյալների կենտրոն։
Դավթյանի խոսքով` փաստաթղթի տպագրությունն իրականացվում է միայն այն բանից հետո, երբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաստատում է յուրաքանչյուր առանձին դիմումի տպագրություն:
Նշենք, որ նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացն իրականացնում է «ՀայՓաս» մասնավոր ընկերությունը:
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգը։ Կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է, ID քարտինը՝ 5 950 դրամ, իսկ փաստաթղթերի պատրաստման ժամկետը՝ 14 աշխատանքային օր։ Դիմելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել HayPass.am հարթակում։ Նախկինում տրամադրված վավեր փաստաթղթերը շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, և դրանք պարտադիր փոխարինելու անհրաժեշտություն չկա։