Ժողովուրդը կդժգոհի, թղթե տոպրակները կլինեն թանկ, բայց էկոլոգիապես անվնաս․ բնապահպանը՝ պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ ապրանքների վաճառքի արգելքի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդհանուր առմամբ 2027 թվականից առևտրի, սննդի և նմանատիպ այլ օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ ապրանքների վաճառքի արգելումը շատ լավ նախաձեռնություն է, որը 2-3 տարի է, ինչ փորձ է կատարվում կյանքի կոչել և չի հաջողվում: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումն ու առկայությունը։
«Մի քանի անգամ արդեն հայտարարվել է և բոլորը դրա մասին գիտեն, որ բացառելու ենք պոլիէթիլենային տոպրակները, պլաստիկը և օգտագործելու ենք թղթյա տոպրակներ կամ էլ այնպիսի նյութեր, որոնք վերամշակվում են»,-ասաց Ադամյանը:
Նա ընդգծեց, որ եթե նախաձեռնությունն իրականացվի ապա կստանանք շատ լավ արդյունք, քանի որ աղբավայրերից կվերանա մեծ քանակությամբ պլաստիկ և պոլիէթիլենային աղբ:
«Նուբարաշենում կա աղբի վերամշակման գործարան ունենալու ծրագիր, հիմա որքան քիչ պլաստիկ աղբ ունենանք այնքան մեր աղբի, այսպես ասած «որակը» էլ ավելի լավը կլինի: Այսինքն կունենանք ավելի օրգանական աղբ և դրա վերամշակումը ավելի հեշտ կլինի, իսկ բնության մեջ ավելի հեշտ կձուլվեն»,-ասաց բնապահպանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու մի քանի անգամ հայտարարելուց հետո հնարավոր չի եղել վերցնել պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ տարաները Ադամյանը նշեց. «Իրականում որոշվել էր ի սպառ վերացնել դրանք բոլոր խանութներից, սակայն դա չկատարվեց, քանի որ շարունակվեց տոպրակների վաճառքը: Երբ օրենքը նոր էր դուրս եկել քննարկումների ժամանակ ինձ ասացին, որ հնարավոր չէ դա մի անգամից վերացնել, պետք է միառժամանակ օգտագործեն ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակներ, ինչպես «Երևան Սիթի» սուպերմարկետի տոպրակներն են, որովհետև դա բազմակի օգտագործման է, և որպես թափոն հաճախակի չի գնա աղբավայր: Սակայն այդպես չեղավ և բոլորս էլ գիտենք, որ այդ տոպրակները հաճախ ծառայում են որպես աղբի տոպրակներ և լավ էլ գնում են աղբավայր: Բացի այդ պետք էր նաև մտածել տնտեսվարողների մասին, նման իրավիճակում մարդկանց համար ստեղծվում են խնդիրներ, ես ներկա էի քննարկմանը և նրանցից շատերը ասացին, որ մեծ գումարներ ունեն բանկերից վերցրած և գործարաններում էլ ունեն հենց այդպիսի մեխանիզմներ, որոնք միայն պոլիէթիլենային տոպրակներ են արտադրում: Այստեղ առաջ էր գալիս մեկ այլ խնդիր, եթե այդ մարդկանց գործունեությունը կանգնեցնենք, ապա վնաս կհասցնենքն մեր իսկ ՀՀ քաղաքացիներին, տնտեսվարողներին: Սրա համար որոշում ընդունվեց որպեսզի արտադրվեին այդ հաստ տոպրակները, որոնք պետք է դանդաղորեն վերանային: Բայց ինչպես տեսնում ենք ոչ մի բան էլ չի վերացվել, շատ լավ էլ օգտագործվում են և՛ բարակ տոպրակները, և՛ հաստ տոպրակները: Հենց սա է իմ մտավախությունը, որ այս նույն պատմությունը նորից չկրկնվի»:
Ադամյանի գնահատմամբ այժմ գոյություն ունեցող կարևոր հարցը այն է, թե արդյո՞ք այս անգամ հնարավոր կլինի այնպիսի վերահսկում ունենալ, որպեսզի խանութներն ու սննդի կետերը չօգտագործեն պոլիէթիլենային տոպրակներ կամ պլաստիկ տարաներ:
Բնապահպանը նշեց, որ պոլիէթիլենային տոպրակներից ու պլաստիկ տարաներից արագ ձերբազատվելու համար նույնիսկ առաջարկել է, արդեն իսկ արտադրվածները բավականին թանկ գնով վաճառել խանութներում, որպեսզի քաղաքացու համար ձեռնտու չլինի դա գնելը:
«Եթե քաղաքացին տեսնի, որ նման տոպրակները 600-700 դրամ է, ապա նա դա չի վերցնի: Նման դեպքում մարդիկ իրենց հետ թղթե կամ այլ նյութից պատրաստվածները կվերցնեն, որոնց հնարավոր կլինի օգտագործել բազմակի անգամ: Լուծումներից մեկը այն է, որ մարդիկ կամաց-կամաց դրան սովորեն, հիմա մենք փորձում ենք դա մի անգամից անել: Արդյո՞ք կկարողանան տեսչական մարմինները, որոնք որ աշխատում են այդ ոլորտում, և՛ առողջապահությունը, և՛ բնապահպանությունը, և՛ սպառողների իրավունքների պաշտպանները, խմբով աշխատել և կանգնեցնել այդ գործընթացը»,-ասաց Ադամյանը:
Բնապահպանը նաև նշեց, որ իր գնհատմամբ խնդիրը մի անգամից ու կտրուկ լուծելը բավականին դժվար կլինի:
Նա նաև ընդգծեց, որ թուղթը թանկ հաճույք է, սակայն, կան Հայաստան ներմուծված տեխնոլոգիաներ, որոնք ավելի մատչելի են դարձնում դրանք արտադրելը, քան պոլիէթիլենային տոպրակները:
«Կարծում եմ բացի թղթե տոպրակներից պետք է լինեն նաև կտորի տոպրակներ, որոնք բազմակի օգտագործման են: Կարծում եմ սրանք կարող են վաճառվել խանութներում բավականին մատչելի գներով, օրինակ 200-220 դրամով: Պետք է նաև ասեմ, որ կան օրինակ՝ կոշիկի և հագուստի արտասահմանյան բրենդների խանութներ, որոնք աշխատում են թղթյա տոպրակներով և որևէ գումար չեն գանձում դրա համար: Այս փորձը պետք է վերցնել այս խանութներից և տարածել մյուսների վրա: Սրանք աղբի վերածվելու դեպքում նախ շատ հանգիստ ձուլվում են բնության մեջ, հետո վերամշակումն էլ խնդիր չի լինի, մասնավորապես վերամշակումների արդյունքում արտանետումների խնդիր չի լինի և օդային ավազանին հասցվող վնաս չի լինի»,-ասաց նա:
Ադամյանը դժվարացավ նշել, թե ինչ գների սահմաններում կարող են լինել թղթյա տոպրակները, սակայն նկատեց, որ ներկա պահին խանութներում դրանց գները տատանվում են 350-400 դրամի սահմաններում, ինչը բավականին թանկ է հայ սպառողի համար, սակայն էկոլոգիապես անվնաս է:
Ըստ նրա՝ ժողովուրդը սկզբնական շրջանում որոշակի դժգոհություն կունենա, սակայն նախաձեռնությունը պետք է կյանքի կոչել:
«Հայաստանում ընդհանրապես թղթի, կտորի տոպրակներ և տարաներ օգտագործելու մշակույթը չկա: Ընդհանրապես կենցաղային խնդիրները այստեղ շատ դժվար են լուծվում, թող ոչ ոք չնեղանա, բայց մաքրության ու էկոանվտանգության հարցերին մեր ժողովուրդը մատների արանքով է նայում: Մենք մյուս ազգերի նման չենք մտածում, որ եթե շարունակում ենք անգամ մի պոլիէթիլենային տոպրակ օգտագործել, ապա վնաս ենք տալիս բնությանը: Մեզ մոտ այս գիտակցությունը չկա, մեզ մոտ միայն սպառողի գիտակցությունն է: Պետք է ստիպել, որ այն արվի անպայման, այլապես մենք կխեղդվենք պոլիէթիլենային և պլաստիկ աղբի մեջ, որքան էլ փորձենք վերամշակել»,-ասաց բնապահպանը:
Պատասխանելով հարցին, թե էկոլոգիապես մաքուր տոպրակներին ու տարաներին անցնելուց հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանում պլաստիկի ու պոլիէթիլենի թափոններից ձերբազատվելու համար Ադամյանը նշեց. «Դա բավականին երկար գործընթաց է: Պետք է նկատի ունենալ, որ չենք խոսում միայն պոլիէթիլենի մասին, այլ մեր երկրում արտադրվող կաթնամթերքի մեծ մասը՝ թթվասերը, սերուցքը, կաթնաշոռը լցոնված է պլաստիկե շշերի կամ տարաների մեջ: Նախ սա պետք է վերացնել և փոխարինել թղթյա տարրաներով, որը արդեն որոշ ընկերություններ անում են: Առաջին փուլում սա ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ: Հիմա որպեսզի Հայաստանը գոնե մասնակի ձերբազատվի կուտակված պլաստիկից և այս առումով լավ լուծում ստանա անհրաժեշտ է շուրջ 10 տարի և ոչ պակաս»:
Կարևորելով Հայաստանում անցկացված COP-17-ը Ադամյանը նշեց, որ նման միջոցառումները անցկացվում են այնպիսի երկրներում, որտեղ բնապահպանական խնդիրներ կան:
«Այսպիսի երկրներում անելու իրական նպատակը այն է, որպեսզի աշխարհի ուշադրությունը սևեռեն այդ տեղերում առկա խնդիրների վրա»,-ասաց բնապահպանը: