Իտալացի մոդելավորող Ջորջիո Արմանիի ժառանգները, որոնք վերահսկում են նրա անունը կրող նորաձևության տունը, չեն պատրաստվում ընկերությունը վաճառել ոլորտի խոշոր խաղացողներին։ Փոխարենը նրանք մտադիր են պահպանել բիզնեսի նկատմամբ վերահսկողությունը՝ Giorgio Armani-ն ֆոնդային բորսա դուրս բերելու միջոցով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերահսկիչ փաթեթը մեկ գնորդի փոխանցելու փոխարեն՝ ժառանգները մտադիր են բաժնետոմսերի փոքրամասնության փաթեթը բաժանել մի քանի ներդրողների միջև՝ խուսափելու համար գերիշխող բաժնետիրոջ ի հայտ գալուց։ Բաժնեմասերի ձեռքբերման հիմնական հավակնորդների թվում են ֆրանսիական L’Oréal կոսմետիկ ընկերությունը և ֆրանս-իտալական EssilorLuxottica կոնցեռնը, որը մասնագիտացած է ակնոցների արտադրության ոլորտում։
Նորաձևության տան հիմնադիր Ջորջիո Արմանին մահացել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ 91 տարեկան հասակում։ Նրա կտակի համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի 15%-ը պետք է վաճառվի մոդելավորողի մահից հետո 18 ամսվա ընթացքում։ Եթե այս պայմանը կատարելուց հետո ընտանիքը հրաժարվի վերահսկողության մնացած փաթեթը մեկ ռազմավարական ներդրողի փոխանցելուց, կտակը նախատեսում է ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում ֆոնդային բորսայում՝ հիմնադրի մահից 3-8 տարի անց։
Giorgio Armani-ն աշխարհի խոշորագույն անկախ նորաձևության տներից մեկն է։ Այն հիմնադրվել է 1975 թվականին և իր գործունեությունն ընդլայնել հագուստի, օծանելիքի, կոսմետիկայի, աքսեսուարների և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Ի տարբերություն շքեղության ապրանքների շուկայի ապրանքանիշերի մեծամասնության՝ ընկերությունը տասնամյակներ շարունակ ամբողջությամբ մնացել է հիմնադրի վերահսկողության ներքո՝ չներգրավելով արտաքին ներդրողների և ֆոնդային բորսա դուրս չգալով։
Արմանիի մահից հետո բիզնեսի ապագան դարձել է նորաձևության ոլորտի ուշադրության կենտրոնում։ Նորաձևության տունը համարվում է շքեղության ապրանքների շուկայում գործող վերջին խոշոր անկախ ընկերություններից մեկը։ Այդ ոլորտը վաղուց համախմբվում է LVMH, Kering և Richemont հսկաների շուրջ։
Ժառանգների՝ սեփականության կառուցվածքի վերաբերյալ կայացրած որոշումը կկանխորոշի՝ Armani-ն կշարունակի գործել որպես անկախ ապրանքանիշ, թե կհայտնվի խոշոր կոնգլոմերատի ազդեցության ներքո։