ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն անդրադարձել է Հայաստանում նոր կենսաչափական անձնագրերի գործարկմանը՝ նշելով, թե դա հայերին ևս մեկ քայլով մոտեցնում է ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը: X-ի իր միկրոբոլոգում նա մասնավորապես գրել է.
«ԵՄ աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կարագացնի սահմանային ստուգումները և կհեշտացնի ճանապարհորդությունը։ Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ առավել սերտ մերձեցումը, իսկ մենք աշխատում ենք, որպեսզի այդ ընտրությունը շոշափելի արդյունքներ բերի երկրի քաղաքացիների համար»:
Մինչ իշխանական շրջանակները շտապում են այս հայտարարությունը ներկայացնել որպես դիվանագիտական մեծ հաղթանակ և վիզաների ազատականացման գործընթացի անշրջելիության ապացույց, փորձագետները հիշեցնում են, որ տեխնիկական բնույթ կրող այս փաստաթղթերի ներդրումն ինքնին դեռևս չի նշանակում անհապաղ կամ մոտալուտ անցում առանցվիզային ռեժիմի։ Եվրոպական կողմը պահպանում է խիստ պայմաններ և չափանիշներ, և նման հայտարարությունները հաճախ օգտագործվում են իշխանությունների կողմից՝ հասարակությանը շոշափելի արդյունքների պատրանք ստեղծելու համար: