Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել

Հասարակություն

05.11.2026 | 17:27

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազներից մեկի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ կարգապահական վարույթով հաստատվել է, որ դատախազը պատշաճ չի իրականացրել դատախազական հսկողությունը, ժամանակին չի հարուցել քրեական հետապնդում, վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետից ուշ, ինչպես նաև խախտել է դիմումների ու բողոքների ուսումնասիրության ժամկետները։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

2026 թվականի մարտի 25-ին կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 2-ին կայացած նիստում դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստերի առկայությունը:

Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազը պատշաճ չի իրականացրել դատախազական հսկողությունը, ժամանակին չի հարուցել քրեական հետապնդումը, վերաքննիչ բողոքը ներկայացրել է ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև, պարտավոր լինելով դիմումներն ու բողոքները ուսումնասիրել սահմանված ժամկետներում, այն չի կատարել:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Leave a comment