ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է տիրապետի հայերենին: Նա այդ մասին ասել է կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Իմ կարծիքով՝ ֆեդերացիայի նախագահը պետք է տիրապետի հայերենին, և կարծում եմ՝ այդպես էլ կլինի»,-հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Միաժամանակ կառավարության ղեկավարը տարբերակել է ֆեդերացիայի նախագահի և մարզչական նկատմամբ կիրառվող պահանջները։ Մարզիչների վրա, ինչպես հավելել է վարչապետը, այդ պահանջը պարտադիր կարգով տարածել պետք չէ:
Նա հիշեցրել է, որ եղել են դեպքեր, երբ հավաքականը ղեկավարել են օտարերկրացի մարզիչներ, որոնք չեն իմացել հայերեն, և դրանում վատ բան չկա: Նրա խոսքով՝ պետք է ճկունություն ցուցաբերել, որպեսզի ներգրավվեն հնարավոր լավագույն մասնագետները։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Դենի Ջորկաեֆի հնարավոր առաջադրման մասին։ Նա հայկական ծագում ունեցող ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։
Նոյեմբերի 4-ին կայացած ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացքում հաստատվել են կանոնադրական փոփոխություններ, որոնց արդյունքում վերացվել է ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի անդամների համար նախկինում գործող հայերենի իմացության պարտադիր պահանջը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի վերջին։