Էրդողանը Զելենսկիի հետ բանակցություններից հետո հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
Էրդողանը նաև հայտնել է, որ շաբաթ օրը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման և աշխատանքային ընթրիքի ժամանակ քննարկել է դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Թուրքիայում երկու երկրների առաջնորդների հնարավոր գագաթնաժողովի անցկացման հարցը։
«Մենք պարոն Զելենսկուն ասել ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու բանակցություններում դիվանագիտական ճանապարհով քայլեր ձեռնարկելը շատ կարևոր է։ Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության ճանապարհը բացելու համար, և կշարունակի այդ ջանքերը», – նշել է Էրդողանն ու հավելել․
«Զելենսկիի հետ այս հանդիպումից հետո այժմ ցանկանում ենք քննարկել հարցը ռուսական կողմի հետ՝ զրույց ունենալով պարոն Պուտինի հետ։ Միևնույն ժամանակ, իմ գործընկերները, հատկապես արտգործնախարարը, կապ կհաստատեն իրենց ռուս գործընկերների հետ՝ հուսալով նախապատրաստել ռուսական կողմին այդ հանդիպմանը», – ասել է Թուրքիայի նախագահը։
Հարավային Կորեա այց
Էրդողանն ավարտել է այցը Սեուլ՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգի հրավերով։ Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև կապերն ամրապնդվել են 76 տարի առաջ՝ Կորեական պատերազմի ժամանակ թուրք զինվորների զոհողությունների շնորհիվ, ինչի արդյունքում երկու ժողովուրդները դարձել են «արյունակից եղբայրներ»։ 2012 թվականին երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ 2027 թվականին կլրանա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը։
«Մենք ցանկանում ենք «win-win» սկզբունքով ավելի քան 11 միլիարդ դոլար կազմող առևտրաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ երկու երկրների համապատասխան կառույցները բանակցություններ են վարում ազատ առևտրի համաձայնագրի թարմացման շուրջ։
Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի խոշոր միջազգային ընկերություններին ներկայացվել են Թուրքիայում ներդրումային հնարավորությունները։
«Նախկինում մենք Կորեայի հետ բանակցություններ ենք վարել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ։ Այս այցի ընթացքում այդ ուղղությամբ նոր կամք ենք դրսևորել։ Բանակցությունները կշարունակվեն, հատկապես ֆինանսավորման հարցերի շուրջ», – նշել է Թուրքիայի նախագահը։
Կողմերը քննարկել են նաև պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ հիմնվելով «Ալթայ» տանկի և «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգերի նման հաջողված նախագծերի վրա։ Քննարկվել են նաև ավտոմոբիլային արդյունաբերության, առաջադեմ տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտները։
Այցի ընթացքում կողմերը ստորագրել են հինգ փաստաթուղթ՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, գիտական համագործակցության, նախագծերի ֆինանսավորման և ներդրումների վերաբերյալ։
Անդրադառնալով անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցությանը՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Հարավային Կորեայի պաշտպանական կապերը չեն սահմանափակվում «մեկ կամ երկու զինատեսակների քննարկմամբ»։ Նրա խոսքով՝ խոսքը պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիական համապարփակ համագործակցության մասին է, որն ընդգրկում է «Ալթայ» տանկերը, «Ֆիրթինա» հաուբիցները, անօդաչու և զինված անօդաչու թռչող սարքերը, հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև ռազմածովային ոլորտի նորագույն մշակումներն ու սուզանավերը։
«Մեր պաշտպանության նախարարությունը այս հարցերը քննարկում է իր հարավկորեացի գործընկերների հետ, և մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում», – ասել է նա։
Էրդողանը հույս է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն թուրք-կորեական հարաբերությունների հետագա զարգացմանը։