«Այլընտրանքային նախագծեր խմբի» հայտարարությունը․
«Այնպես չէ, թե մենք միամտորեն սպասում էինք, որ դատարանն արդարադատություն կիրականացնի։ Սակայն հաշվի առնելով փաստաբանների սպառիչ խոսքը, հրապարակված տեսանյութերը և Ծառուկյանի բացառիկ արժանապատիվ պահվածքը՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ ակնկալում էին, որ դատարանը չի տրվի հրահանգներին և կշարժվի իր կոչմանը համապատասխան՝ օրենքի և իրավունքի շրջանակներում, և որ բանականությունը և տրամաբանությունը կհաղթեն։ Փաստը, սակայն,այն է, որ Ծառուկյանի կալանքը երկարացվեց մի գործով, որտեղ Ծառուկյանը ոչ թե պարզապես անմեղ է, այլ հենց ինքն է տուժողը։ Դատարանում ունեցած ելույթում նա ընդգծեց, որ արդար լինելու գիտակցումը ուժ է տալիս թե´ իրեն, թե´ բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն արդարության։ Բոլորս պետք է հետևություն անենք, որ չկա «իմ ու քո» քաղբանտարկյալ։
Հայաստանի բանտերն այսօր լցվել են են քաղաքական, պետական, հանրային գործիչներով, և բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այս իրավիճակը փոխելու համար։ Մենք ականատես ենք, թե ինչպես ազգային կապիտալի երկու արժանապատիվ ներկայացուցիչներ՝ Ծառուկյան և Կարապետյան, այսօր մի կողմ դնում իրենց անձնական շահը՝ մտածելով ազգային, պետական շահի մասին։ Նույնն անում է Ռուբեն Վարդանյանը Բաքվում՝ անցնելով անմարդկային փորձությունների միջով։ Հասարակությունը պետք է գիտակցի այս իրականությունը և պահանջի նրանց ազատությունը՝ գոնե մեր երկրում դրա համար անելով առավելագույնը։
Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները չափազանց մեծ են, իսկ մարդկային և ազգային կապիտալը՝ սահմանափակ։ Մեզ անհրաժեշտ է ջանքերի և նպատակների միավորում»։