Ազգային ժողովի ութ պատգամավորի և աշխատակազմի մեկ պաշտոնյայի Ստրասբուրգ գործուղման համար բյուջեից վճարվել է 6 մլն 669 հազար դրամ։ Յուրաքանչյուրի երկկողմանի տոմսն արժեցել է 741 հազար դրամ։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ԱԺ աշխատակազմից։ Ստրասբուրգ գործուղման նպատակը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելն է եղել։ Պատվիրակության կազմում եղել են Հայկ Կոնջորյանը, Արամ Վարդևանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Կարապետյանը, Արման Եղոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լևոն Քոչարյանն ու ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության քարտուղարը։
«Հնարավոր է 29, 30, 50 եվրոյով ինքնաթիռի տոմս գնել»,- ավելի վաղ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն էժան ավիատոմսերի առկայությունն իր իշխանության ձեռքբերումներից է համարում և առաջարկում հանգստյան օրերին մեկնել Հռոմ, սուրճ խմել ու հետ վերադառնալ։ Այս ֆոնին հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԱԺ-ն 29, 30, 50 եվրո արժեցող տոմսերի փոխարեն՝ 1800 եվրո արժեցող տոմսեր է ձեռք բերել։ ՔՊ-ական Արման Եղոյանի համար այս հարցն անհասկանալի է։
Պատգամավորները Երևանից Ֆրանկտֆուրտ են հասել գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության չվերթով։ Արման Եղոյանի պարզաբանումն այն է, որ վճարվում է այնքան, որքան անհրաժեշտ է։
««Լյուֆթհանզա»-ի համար միջինից մի քիչ թանկ է գալիս։ Տաքսի չի, էլի, որ երբ պատվիրես, ինքնաթիռը գա, եթե էժան է լինում, էժանով ենք գնում, օրինակ, պարոն Ռուբինյանի հետ Wizzair-ով ենք գնացել»,- ասաց Արման Եղոյանը։
Պատվիրակության մեկ այլ անդամից՝ Արուսյակ Ջուլհակյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք մտահոգված չէ, որ բյուջեի հաշվին թանկարժեք ավիատոմսեր են ձեռք բերվում։ ՔՊ-ականը միայն փոխանցեց, որ ինքն էկոնոմ դասով գործուղման մեկնողներից է։
«Ես չգիտեմ՝ ինչ տոմս էին գնել, եթե ակնարկում եք, որ բիզնես է, իհարկե՝ ոչ։ ԱԺ-ն երբեք բիզնես դասի տոմս չի առնում։ Սովորական ինքնաթիռ էր, էկոնոմ դասի, ես միշտ թռնում եմ էկոնոմ դասով»,- ասաց նա։
ԱԺ-ի կողմից գնված թանկարժեք տոմսերով են գործուղման մեկնել նաև ընդդիմադիրները, որոնք ցուցադրաբար հրաժարվել էին պարգևավճարներից և հայտարարել էին նաև գործուղման ծախսերից հրաժարվելու մասին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վստահեցնում է, թե ուղիներ են փնտրում գումարը պետությանը վերադարձնելու համար։
«Գնվել է, մենք ֆիքսել ենք այդ գումարը, եթե ԱԺ-ից այդ գումարը բյուջե վերադարձնելու տարբերակ չստանանք, ուղղելու ենք սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասաց նա։
Ավիատոմսերից զատ՝ պատգամավորներն ԱԺ-ից նաև օրապահիկի և գիշերակացի գումարներ են ստացել, որը կազմում է շուրջ 13 հազար եվրո։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան