Եվրոպայում գազի բորսայական գները հասել են վերջին տարիների ամենաբարձր մակարդակին՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետևանքով մատակարարումների խափանումների, Ասիայում հեղուկացված բնական գազի (LNG) բարձր պահանջարկի և Եվրոպայում գազի ցածր պաշարների պայմաններում։
Նիդեռլանդների TTF գազային հանգույցում գազի ֆյուչերսների գինը բարձրացել է 5.15%-ով՝ հասնելով 102.965 եվրոյի մեկ մեգավատտ-ժամի դիմաց։ Արտարժույթի շուկայի ընթացիկ փոխարժեքներով դա համարժեք է 1211.19 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Նման բարձր մակարդակ վերջին անգամ գրանցվել էր 2022 թվականին։
Գների աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետևանքով մատակարարումների խափանումներով և ջեռուցման սեզոնին ընդառաջ Եվրամիության ստորգետնյա գազապահեստարանների ցածր լցվածությամբ։
Energy Aspects խորհրդատվական ընկերության փորձագետների գնահատմամբ՝ սովորականից ցուրտ ձմռան և մատակարարման խափանումների դեպքում Եվրոպայում գազի գինը կարող է գերազանցել 200 եվրոն մեկ մեգավատտ-ժամի դիմաց։
Նման թանկացումը լուրջ հարված կհասցնի եվրոպական արդյունաբերության մրցունակությանը, հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ-ում գազի գինը կազմում է մոտ 8 եվրո մեկ մեգավատտ-ժամի դիմաց։
Նորվեգական Equinor ընկերության գլխավոր տնօրեն Անդերս Օպեդալը նույնպես զգուշացրել է գների նոր աճի հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ ձմռան վերջին ցուրտ եղանակը կարող է մեծացնել պահանջարկը այն ժամանակ, երբ եվրոպական գազապահեստարանների պաշարներն արդեն զգալիորեն նվազած կլինեն։ Այդ դեպքում Եվրոպան ավելի մեծ կախվածություն կունենա սահմանափակ հասանելիությամբ հեղուկացված բնական գազի լրացուցիչ մատակարարումներից։
Եվրոպայում գազի գները բարձր մակարդակներում էին նաև 2021–2022 թվականներին։ Ռուսաստանից խողովակաշարային գազի ներմուծման կտրուկ կրճատման պայմաններում բորսայական գնանշումները հասել էին պատմական առավելագույնին՝ 3892 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հետագայում գները զգալիորեն նվազել էին։