Մայր Աթոռի դիվանապետը հայց է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։

Խաչատրյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։

Նա պահանջում է նաև 999 դրամ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հայցադիմումի առիթը սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» Ասատրյանի կողմից արված հայտարարություններ են եղել։

Արշակ Սրբազանը դատական ակտով պահանջում է հերքում հրապարակել նույն լրատվամիջոցով հետևյալ բովանդակությամբ. «27.09.2026.-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» (Հ1) եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում իմ հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը և ես զրպարտել եմ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին» կամ անհնարինության դեպքում Ստեփան Արտակի Ասատրյանին պարտավորեցնել վերոնշյալ բովանդակությամբ տեքստը հրապարակել ՀՀ-ում գործող առնվազն 1,000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։ Բացի հերքումից՝ սրբազանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 999 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում»:

Հայցադիմումը մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։

Leave a comment