Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Քաղաքականություն

29.10.2026 | 18:21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Ադրբեջանական իշխանական Report գործակալությունը հայտնում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Report-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ նախապես ծրագրված միջոցառումներին մասնակցելու և աշխատանքային խիտ ժամանակացույցի պատճառով։

Հոկտեմբերի 30-ին Ալիևը կպարգևատրի Բաքվում առաջին անգամ անցկացվող ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչների մասնակիցներին։ Հոկտեմբերի 30-ին նախատեսված են ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը և պաշտոնական փակման արարողությունը։ Հաղորդվում է, թե Ալիևի մասնակցությունը մրցանակաբաշխությանը նախապես էր ծրագրված։

Նշենք, որ Բայրամովն այսօր արդեն մասնակցել է Անկարայում մասնակցել է Թյուրքական պետությունների կազմակերպության  արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Ալիևի գագաթնաժողովին չմասնակցելը տեղի է ունենում Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, որը սկսվել է Թուրքիայում բուռն քննադատություններ առաջացրած Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի որոշումից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Բաքուն, իր հերթին, Անկարայից պահանջել էր պաշտոնից հեռացնել Սարալին։ Ի վերջո, Սարալը պաշտոնանկ էր արվել։ Թուրք հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազը, վկայակոչելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և աղբյուրների, հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցի Անկարայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության  գագաթնաժողովին, եթե Սարալը շարունակեր պաշտոնավարել։

Ստացվում է, որ Էրդողանի քայլերը Բաքվին ընդառաջ բավարար չէին և Ալիևը, այնուամենայնիվ, որոշել է չմասնակցել գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment