Yerkir.am-ը «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, նախընտրական թեժ փուլում արձակուրդից վերադարձել, ավագանու նիստ է գումարել և «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար տրամադրել ուսուցչի և դաստիարակի տոնը նշելու համար։
Yerkir.am-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցերի պարզաբանման համար՝ արդյո՞ք Կառլեն Մկրտչյանն իրավունք ունի նախընտրական թեժ փուլում վերադառնալ արձակուրդից և գումարել ավագանու նիստ, արդյո՞ք «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար տրամադրելը այդքան հրատապ հարց էր, նաև որի պատճառով թեկնածուն հրատապ կարգով վերադարձել է արձակուրդից և ընդունել որոշում, արդյո՞ք Կառլեն Մկրտչյանը հիշյալ նիստից անմիջապես հետո միանգամից համարվել է արձակուրդում գտնվող, արդյո՞ք Արտաշատի ղեկավարի թեկնածու Կառլեն Մկրտչյանի կողմից նախընտրական թեժ փուլում «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար տրամադրելն իր մեջ չի պարունակում պաշտոնական դիրքի չարաշահում, կոռուպցիոն տարրեր, արդյո՞ք այդ քայլը չի հանդիսանում նախընտրական կաշառքի ձևերից մեկը, արդյո՞ք վերնշյալը հիմք չէ թեկնածու Կառլեն Մկրտչյանի թեկնածությունը ընտրություններին անվավեր ճանաչելու համար։
ԿԸՀ-ն (պատասխանը կցվում է) խուսափել էր պատասխանել մեր պարզ հարցերին և հայտնել, որ հարցումը կից նյութերով փոխանցվել է թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Առավել ուշագրավ ու ԿԸՀ-ից ոչ պակաս խուսափոխական է նաև ՀՀ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատասխանը, եթե, իհարկե, դա կարելի է համարել պատասխան (կցվում է)։ Շուրջ երեք էջ ծավալով գրավոր պատասխանի երկու էջը ԸԸՀ նախագահը նվիրել է ԸԸՀ լիազորությունների ներկայացմանը, հետո թվարկել մեր թվով 5 հարցերը, հետո հայտնել, որ դրանց 1-4-ը դուրս են ԸԸՀ լիազորություններից, իսկ վերջին հարցին պատասխանել է անորոշ՝ բերելով Ընտրական օրենսգրքի ինչ-որ հոդված։
Հաշվի առնելով ԿԸՀ-ԸԸՀ-ի այս ակնհայտ խուսափողական վարքագիծը, ինչպես նաև խնդրի լրջությունը՝ դիմել ենք Գլխավոր դատախազություն։
Վ․ Սարգսյան