ՆԳՆ-ում ծառայության անցած քաղաքացիները կազատվեն զինվորական ծառայությունից

ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում հավանության է արժանացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծը: Ըստ այդմ՝ տարկետման իրավունք է սահմանվում Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև նախատեսվում է ազատում պարտադիր զինվորական ծառայությունից, եթե շրջանավարտը ուսումն ավարտելուց հետո ծառայության անցնի ՆԳՆ համակարգում։

Ինչու է դա կարևոր. Գործող օրենսդրության համաձայն՝ ՆԳՆ ուսումնական հաստատություն ընդունվելու համար պարտադիր պայման էր պարտադիր զինվորական ծառայությունն անցած լինելը (բացառությամբ օրենքով նախատեսված առանձին դեպքերի)։ Այս կարգավորումը սահմանափակում էր դպրոցականներին՝ հանրակրթությունն ավարտելուց անմիջապես հետո ՆԳՆ ուսումնական հաստատություն ընդունվելու և համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։

Օրենսդրական նորամուծության առանցքային մանրամասները.

  • Տարկետման տրամադրում. Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ՆԳՆ ուսումնական հաստատություն ընդունվող քաղաքացիներին կտրվի տարկետում՝ ուսումնառության ողջ ընթացքում։

  • Զինծառայությունից ազատում. Ուսումն ավարտելուց հետո ՆԳՆ համակարգում ծառայության անցնելու դեպքում շրջանավարտներն ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությունից։

  • Նպատակը. Վերացնել հանրակրթությունից հետո անմիջապես մասնագիտական կրթություն ստանալու խոչընդոտները և խթանել երիտասարդ կադրերի ներգրավումը ՆԳՆ համակարգ։

Leave a comment