Բրազիլացի սենատոր և աջակողմյան «Լիբերալ կուսակցությունից» նախագահի նախկին թեկնածու Ֆլավիո Բոլսոնարուն, ով ընտրություններում կրած պարտությունից հետո գաղտնի մեկնել էր Միացյալ Նահանգներ, հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան X սոցիալական հարթակում հրապարակել է «նամակ բրազիլացի ժողովրդին»։
Բոլսոնարուն իրեն հռչակել է «Բրազիլիայի առաջնորդ»։ Սկզբում նա իրեն անվանել էր երկրի «իսկական նախագահ» և «օրինական ընտրված նախագահ», սակայն ավելի ուշ հեռացրել է այդ արտահայտությունները։
Նամակում Բոլսոնարուն պնդել է, որ Բրազիլիայում տեղի է ունեցել «զզվելի ընտրական կեղծիք»։ Աջակողմյան քաղաքական գործիչն ընդգծել է, որ պետության գործող ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հաղթանակը հոկտեմբերի 25-ի քվեարկության արդյունքում ձեռք է բերվել օրենքի խախտմամբ և հնարավոր է դարձել միայն կոռումպացված դատական համակարգի շնորհիվ։ Բոլսոնարուն հայտարարել է, որ մտադիր է արտերկրից ղեկավարել Բրազիլիայում ժողովրդավարության համար պայքարը՝ նշելով, որ իր նպատակն է թույլ չտալ Լուլա դա Սիլվային երկրում հաստատել «դիկտատորական ռեժիմ»։
Նամակում ընտրական կեղծիքների վերաբերյալ որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացվում։
Ֆլավիո Բոլսոնարուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի և Արգենտինայի նախագահներ Դոնալդ Թրամփին և Խավիեր Միլեյին՝ ցուցաբերած աջակցության համար։ Ավելի վաղ Արգենտինայի միգրացիոն ծառայությունը հայտնել էր, որ Ֆլավիո Բոլսոնարուն, նրա կինը՝ Ֆերնանդան, և դուստրերը՝ Կարոլինան ու Լուիզան, երկիր են մուտք գործել Բրազիլիայի հետ սահմանակից Միսիոնես նահանգի «Տանկրեդո Նևես» միջազգային անցակետով։ «Նրանք ներկայացրել են ճամփորդական վավեր փաստաթղթեր, և երկիր մուտք գործելու համար որևէ իրավական խոչընդոտ չի եղել», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ երևույթին, Բոլսոնարուն Արգենտինայից մեկնել է Էկվադոր, իսկ այնտեղից՝ Մայամի։
Հոկտեմբերի 26-ին Բոլսոնարոյին արգելվել էր լքել երկիրը, և նրան էր ներկայացվել Գերագույն դատարանի որոշումը՝ հանձնելու իր սովորական և դիվանագիտական անձնագրերը։ Այս քայլն արվել էր կոռուպցիայի, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեպքերի վերաբերյալ ընթացող հետաքննության շրջանակներում։
Դա տեղի էր ունեցել այն ընթացքում, երբ նա այցելել էր իր 71-ամյա հորը՝ Բրազիլիայի նախկին նախագահին, ով տնային կալանքի տակ է։ Ավագ Բոլսոնարուն դատապարտվել է 27 տարվա ազատազրկման 2022 թվականի նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո պետական հեղաշրջման փորձ կատարելու համար։ Դատավճիռը կայացվել է այն բանից հետո, երբ նա վերադարձել էր Միացյալ Նահանգներից, որտեղ անցկացրել էր երեք ամիս ընտրություններից անմիջապես հետո։ Պարզ չէ՝ արդյոք կրտսեր Բոլսոնարոն կատարել է անձնագրերը հանձնելու պահանջը, սակայն, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, նա ունի նաև Իտալիայի քաղաքացիություն։
Բրազիլիայում մի շարք քաղաքական գործիչներ քննադատորեն են արձագանքել Ֆլավիո Բոլսոնարուի արած հայտարարություններին։ Ըստ «Globo» առցանց պարբերականի՝ սենատոր Ալեսանդրո Վիեյրան Բոլսոնարուի՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու փորձերը որակել է «ծիծաղելի»՝ նշելով, որ նույնիսկ նրա սեփական կուսակցությունն է ընդունել արդյունքները։ Մեկ այլ սենատոր՝ Ռանդոլֆե Ռոդրիգեսը, ով Ազգային կոնգրեսում ներկայացնում է Լուլա դա Սիլվայի վարչակազմը, Բոլսոնարուի բողոքը բնորոշել է որպես «հարձակում» ընտրական գործընթացի վրա։ Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանի դատավոր Կասիո Նունես Մարկեսն ընդգծել է, որ ընտրություններն անցկացվել են «հնարավորինս բնականոն ընթացքով»՝ օրենքին և Սահմանադրությանը լիարժեք համապատասխան։ Մի շարք քաղաքական կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «Բրազիլիան չի հանդուրժի միջամտություն իր ժողովրդավարական գործընթացին»։
Ֆլավիու Բոլսոնարուն հերքում է փողերի լվացման, կոռուպցիայի և ընտրարշավի վրա ապօրինի ազդեցություն գործադրելու վերաբերյալ մեղադրանքները. այս հարցերը երկրի Գերագույն դատարանի քննության ներքո են։ Հոկտեմբերի 25-ին Բոլսոնարուն ընտրությունների երկրորդ փուլում պարտվել էր գործող նախագահ Լուլա դա Սիլվային՝ ստանալով ձայների 48,21%-ը, մինչդեռ նրա մրցակիցը ստացել էր 51,79%-ը։ Բոլսոնարուն հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ պատճառաբանելով ենթադրյալ կեղծիքները։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 26-ին նրա «Լիբերալ կուսակցությունը» ընդունել էր պարտությունը։