Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում

Քաղաքականություն

28.10.2026 | 23:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպում է ունեցել Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեխնոլոգիական կրթության, արհեստական բանականության և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Զիմբաբվեում հայկական տեխնոլոգիական կրթության հաջողված մոդելների փորձի կիրառմանը, ԱԲ, ռոբոտաշինության և ինժեներական ուղղություններով կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Կողմերն անդրադարձել են նաև շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտում հայկական ԱԲ լուծումներին և տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին՝ ուղղված կլիմայական ռիսկերի գնահատմանը, երաշտների կանխատեսմանն ու բնական ռեսուրսների կառավարմանը:

Քննարկվել են նաև պետական համակարգի թվայնացման և հանրային ծառայությունների ավտոմատացման ուղղությամբ Հայաստանի հաջողված փորձի փոխանակման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment