Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենսաբազմազանության պահպանության միջազգային համաժողովի՝ COP17-ի օրերին բարձրաձայնվում է նաև Շիկահողի պետական արգելոցի խնդիրը։ Բնապահպան Նազելի Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ օկուպացված հատվածներում ճանապարհներ են կառուցվում և ծառեր հատվում։

«Մենք մոռացել ենք, որ մեր արգելոցներից մեկը վտանգված է, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են մեր սուվերեն տարածքում, և Շիկահողի արգելոցի այդ տարածքները, որոնք իրենք օկուպացրել են, հատվում են, ճանապարհներ են կառուցվում, և այնտեղ գտնվում է սոսիների պուրակը, որը հիմնվել է Արտավազդ թագավորի կողմից, և մենք աչքի լույսի պես պահում էինք»,- ընդգծեց բնապահպանը:

Վարդանյանի պնդմամբ` Շիկահողի արգելոցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում զանգվածային ծառահատումներ են իրականացվում:

«Հիմա այսօր մենք տեսնում ենք, որ Ներքին Հանդ գյուղի կեսն է իրենց հսկողության տակ և Շիկահողի մի մասը, որտեղ մասսայական հատումներ են և որևէ մեկն այս մասին չի բարձրաձայնում»,- ասաց Վարդանյանը:

Բանախոսը նաև քննադատեց խաղաղությանն ուղղված մոտեցումները, որոնք, իր գնահատմամբ, ուղեկցվում են տարածքային խախտումների անտեսմամբ։

«Ես չգիտեմ՝ ինչու մենք պետք է մեր խաղաղությունը ոչ արժանապատիվ իրականացնենք․ եթե խաղաղություն է, ուրեմն պետք է արժանապատիվ լինենք և ոչ թե փակենք աչքերը ինչ-որ խախտումների վրա»,- նշեց բնապահպանը:

Բանախոսի համոզմամբ՝ Շիկահողի արգելոցի պահպանումը միայն Հայաստանի խնդիրը չէ։ Նրա խոսքով՝ այստեղ պահպանված անտառը համաշխարհային արժեք է, և դրա պաշտպանության համար անհրաժեշտ է բարձրաձայնել խնդրի մասին։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment