Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը։ Զրույցը նախաձեռնել են եվրոպացի առաջնորդները։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ստուբը և Ստյորեն զանգահարել են՝ հանդես գալով որպես իրենց երկրների ղեկավարներ, և չեն խոսել ամբողջ Եվրոպայի անունից։

«Քննարկումն անկեղծ էր և բովանդակալից։ Մենք Ռուսաստանի հարևաններն ենք։ Այս պատերազմի ելքն ուղղակի ազդեցություն կունենա մեր և, ընդհանուր առմամբ, ամբողջ Եվրոպայի անվտանգության վրա։ Պատերազմին վերջ դնելու համար անհրաժեշտ են ուղղակի բանակցություններ»,- նշել է նախագահ Ստուբը։

Ստյորեն հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդներն ընդգծել են Ուկրաինայում հակամարտության լարվածության թուլացման կարևորությունը։ Ֆինլանդիայի ղեկավարի գրասենյակի տվյալներով՝ հեռախոսազրույցը կապված է եղել Աբու Դաբիում սպասվող հանդիպումների հետ։

Եվրոպացի առաջնորդները Պուտինի հետ քննարկել են նաև Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հեռավոր Հյուսիսում կայունության ու կանխատեսելիության ապահովման հարցում իրենց շահագրգռվածությունը։

Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ Նորվեգիան և Ֆինլանդիան միացել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, թեև «Ռուսաստանը դեռ չի գնահատել գործընթացում նրանց ունեցած ներդրումը»։

Հոկտեմբերի 20-ին Օսլոյում տեղի են ունեցել բանակցություններ, որոնց մասնակցել են ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը, Վլադիմիր Զելենսկին, Յոնաս Գար Ստյորեն, Ալեքսանդր Ստուբը և Ջարեդ Քուշները։ Հաջորդ օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպել էին Պուտինն ու Վիտկոֆֆը, ինչից հետո նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի կեսերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։ Հոկտեմբերի 22-ին Պեսկովը ենթադրել էր, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում։

Հոկտեմբերի 25-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ուկրաինական հարցով եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա ընդմիջումից հետո, կրելու է «զոնդաժային» (նախնական ուսումնասիրող) բնույթ։

Leave a comment