Վարդան Մինասյանը գլխավորեց արտասահմանյան ակումբ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է լիբանանյան «Ալ-Նեջմեհ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին պաշտոնապես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ներկայացնելով 52-ամյա հայ մասնագետին՝ ակումբը հատուկ ընդգծել է նրա հարուստ փորձն ու նվաճումները թե՛ ակումբային, թե՛ հավաքականների մակարդակով.
«ՈւԵՖԱ-ի ամենաբարձր՝ Pro կարգի մարզչական արտոնագիր ունեցող 52-ամյա Մինասյանը համարվում է հայկական ֆուտբոլի պատմության ամենաականավոր մարզիչներից մեկը։
Նա երկու տարբեր ժամանակահատվածներում (2009–2013 թթ. և 2018 թ.) գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ Նրա գլխավորությամբ թիմը պատմական արդյունք է գրանցել Եվրո-2012-ի ընտրական փուլում՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը խմբում։ Բացի այդ, Մինասյանի օրոք Հայաստանի ընտրանին որակական հսկայական թռիչք է կատարել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 2010 թվականի 103-րդ տեղից 2013-ին բարձրանալով 38-րդ հորիզոնական, ինչը պատմական լավագույն ցուցանիշն էր հավաքականի համար։