Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը

Բաժանորդագրվել

Երեխաների մի մասը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են, իսկ մյուսները` «Ուիգմոր» հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին ամուսինների կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը մահացել է։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։ Ամուսինները 5 երեխայի հետ Գյումրուց Եղվարդ էին գնում, երբ տեղի է ունեցեցել վթարը։ Երեխաներից 3-ի առողջական վիճակը երեկվա դրությամբ գնահատվում էր ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր գնահատվում էր 7, 10 և 13 տարեկան երեխաների առողջական վիճակը։

«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ մահացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում» գտնվող երեխաներից մեկը։ Երեխաներից մի քանիսն էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են։

Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց ճշտել ոչ ԱՆ-ից, ոչ էլ «Ուիգմոր» ԲԿ-ից. ԲԿ-ից ասացին՝ դիմենք էլեկտրոնային նամակով, որին կպատասխանեն աշխատանքային օրը։

News.am–ի տեղեկություններով էլ երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխայի հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխայի հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։

Leave a comment