Մարտունիում հոկտեմբերի 24-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն անհայտ ուղղությամբ տեղափոխել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի ընտրական ցուցակի մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանին և նրա կնոջը։ Այս մասին հայտնել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը։
Ըստ նրա տրամադրած տեղեկությունների՝ իրավապահները առավոտյան ժամը 7-ի սահմաններում մտել են դաշինքի ներկայացուցիչների բնակարաններ։ Բերման ենթարկվածների գտնվելու վայրի, ինչպես նաև ոստիկանների իրականացրած գործողությունների իրավական հիմքերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ կամ պարզաբանումներ դեռևս չեն հրապարակվել։
Նաիրի Հոխիկյանը տեղի ունեցածն ուղղակիորեն որակել է որպես քաղաքական ճնշում ընդդիմադիր ուժի նկատմամբ՝ ընդգծելով, որ իշխանություններն այս քայլերով փորձում են ապօրինի ազդեցություն ունենալ հոկտեմբերի 25-ին սպասվող ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների վրա։