Իլոն Մասկը կարող է լրացուցիչ 110 մլրդ դոլար ստանալ, եթե նրա SpaceX և Tesla ընկերությունները միավորվեն։ Նման սցենարը կարագացնի Tesla-ի բաժնետոմսերի խոշոր փաթեթի փոխանցումը ձեռնարկատիրոջը, գրում է Bloomberg-ը՝ սեփական հաշվարկներին հղում անելով։ Սովորական պայմաններում այդ բաժնետոմսերը նրան կփոխանցվեին միայն 2028 թվականին։
Գործարարն արդեն գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը և դարձել պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։ Միևնույն ժամանակ, նա բազմիցս հայտարարել է, որ չի հավատում փողի ապագային։ Նրա կարծիքով՝ փողին կփոխարինեն հզորությունը, կիլովատները, զանգվածը և էներգիան։
Այժմ Մասկը հնարավորություն է ստացել էլ ավելի մեծացնել իր կարողությունը։ Երկու ընկերությունների բաժնետոմսերի գները մեկ օրվա ընթացքում աճել են՝ SpaceX-ի եռամսյակային ուժեղ արդյունքների և հնարավոր միավորման շուրջ բանակցությունների մասին հաղորդագրությունների ֆոնին։ Դա Մասկի կարողությունն ավելացրել է ևս 60 մլրդ դոլարով։
Պարբերականի տվյալներով՝ գործարարը կարող է նոր միլիարդների հասանելիություն ստանալ նաև ավելի վաղ հաստատված փոխհատուցման ծրագրի միջոցով։ Վճարումները կախված են Tesla-ի արժեքի գնահատումից։ Ընդ որում՝ ընկերությունը ստիպված չի լինի հասնել գործառնական այն նպատակային ցուցանիշներին, որոնք սովորական պայմաններում պարտադիր կլինեին միջոցների փոխանցման համար։
Tesla-ի բաժնետերերի կողմից Մասկի համար հաստատված՝ 1 տրլն դոլարի չափով խրախուսական փաթեթի մասին հայտնի դարձավ անցած աշնանը։ 2026 թվականի գարնանը հաղորդվում էր, որ այդ պայմանավորվածությունների շրջանակում նախորդ տարվա համար նախատեսված վճարումը կարող է կազմել 158 մլրդ դոլար։
Փոխհատուցման վերջնական չափը կախված է նպատակային ցուցանիշներից։ Պարգևատրման առաջին մասը ստանալու համար Tesla-ի շուկայական կապիտալիզացիան պետք է աճի 1.2 տրլն դոլարից մինչև 2 տրլն դոլար։ Ամբողջական փաթեթը ստանալու համար կապիտալիզացիան պետք է հասնի 8.5 տրլն դոլարի, ինչպես նաև պետք է մեկնարկի ռոբոտների և ինքնավար տաքսիների զանգվածային արտադրությունը։