Կոմորյան կղզիների դրոշով ընթացող նավը սուզվել է Սև ծովում․ անձնակազմում եղել են Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ

Սև ծովում՝ ռումինական Կոնստանցա նավահանգստից մոտ 13 ծովային միլ հեռավորության վրա, անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածից հետո սուզվել է Կոմորյան կղզիների դրոշի ներքո ընթացող «Խորև» առևտրային նավը։ Նավի վրա գտնվել են Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ։

Ռումինիայի ռազմածովային իշխանությունների տվյալներով՝ նավում եղել է 13 մարդ, այդ թվում՝ Ադրբեջանի 3 և Ուկրաինայի 10 քաղաքացի։ Պատահարի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, երեքը համարվում են անհետ կորած, իսկ ինը հոգի փրկվել են։ Զոհվածի քաղաքացիությունն առայժմ չի հրապարակվում։

Նախնական տվյալներով՝ անօդաչու սարքի հարվածից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել, ինչից հետո այն խորասուզվել է։ Միջադեպի վերջնական պատճառը դեռևս պարզված չէ։ Ծովային կոորդինացիոն կենտրոնը տագնապի ազդանշանը ստացել է տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում, որից հետո ռումինական իշխանություններն սկսել են փրկարարական գործողությունը։

Որոնողափրկարարական աշխատանքները համակարգում է Ռումինիայի ռազմածովային գերատեսչությունը, որոնց մասնակցում են նաև Ափամերձ պահպանությունը և Ծովում մարդկանց փրկության ռումինական գործակալությունը։ Անհետ կորած 3 նավաստիներին գտնելու նպատակով պատահարի շրջան են ուղարկվել փրկարարական նավեր։

Digi24-ի փոխանցմամբ՝ նավը գտնվել է Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, սակայն երկրի ծովային սահմանի հարևանությամբ։ Ենթադրյալ անօդաչու թռչող սարքի ծագումն առայժմ հաստատված չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment