Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը

Քաղաքականություն

21.10.2026 | 17:49

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացու ազատ արձակման մասին հայտնել էր Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանում Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ չորս տարի առաջ ձերբակալված Սթիվեն Հաբարդը հենց նոր ազատ է արձակվել բանտից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով, որն անցյալ շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում անձամբ դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սթիվենն արդեն վերադառնում է հայրենիք և շուտով կմիանա իր ընտանիքին։ Միացյալ Նահանգները, հարգանք ցուցաբերելով նախագահ Թրամփի նկատմամբ, պարտավոր չի եղել դրա դիմաց որևէ բան տրամադրել։ Ռուսաստանի համար սա աննախադեպ իրավիճակ է։ Ազատ արձակման համար փոխանակման անհրաժեշտություն չի եղել։ Այս կարևոր վերադարձը պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ՝ Բայդենի վարչակազմի օրոք, որը Կրեմլի հետ բանակցություններում որևէ արդյունքի չհասավ։ Սթիվենն արդեն վերադառնում է հայրենիք։ Բարի վերադարձ, Սթիվե՛ն։ Ուրախ ենք, որ վերադառնում ես»,- հայտարարել է նախագահ Թրամփը իր Truth Social-ում։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ քաղաքացի Հաբարդն արդեն գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է. «Ընդհանուր առմամբ, փոխանակումների և նմանատիպ հարցերի շուրջ շփումները հատուկ ծառայությունների միջև մշտական հիմունքներով շարունակվում են, սակայն այս դեպքում նախագահը կրկին նման որոշում է կայացրել՝ ելնելով մարդասիրական նկատառումներից»։

2024 թվականին Մոսկվայի քաղաքային դատարանը Հաբարդին դատապարտել էր 6 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Միչիգան նահանգում ծնված Հաբարդը մեղավոր էր ճանաչվել որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու մասին հոդվածով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment