Չնայած նրան, թե ինչ է հայտնվում Facebook-ի օգտատերերի էջերում, այս հարթակը միայն արհեստական բանականությամբ ստեղծված մրգերի տեսանյութերի կամ ծննդյան շնորհավորանքների համար չէ, գրում է NiemanLab-ը։
Ըստ Pew Research Center-ի հրապարակած տվյալների՝ ԱՄՆ-ում չափահասների 40%-ը լուրերը կանոնավորապես ստանում է Ֆեյսբուքից։
Այս ցուցանիշը բարձրացել է 2020 թվականի 36%-ից՝ վկայելով հարթակի՝ որպես լրատվության կայուն աղբյուրի դերի ամրապնդման մասին։ Նման միտում էր արձանագրել նաև Լրագրության ուսումնասիրության Ռոյթերսի ինստիտուտը (Reuters Institute) իր այս տարվա «Թվային լրատվության զեկույցում»։ Ինչպես հաղորդվել էր հունիսին, ամբողջ աշխարհում մարդիկ լրատվական կայքերից աստիճանաբար անցում են կատարում սոցիալական ցանցերին։
Օգոստոսի վերջին կենտրոնը American Trends Panel նախագծի շրջանակում հարցում է անցկացրել ԱՄՆ 5,600 չափահաս քաղաքացիների շրջանում՝ ուղղելով մի շարք հարցեր լրատվական և սոցիալական ցանցերից օգտվելու նրանց սովորությունների վերաբերյալ։ Pew-ն հարցվողներին չի տվել «լուրեր» հասկացության հստակ սահմանումը՝ թույլ տալով առաջնորդվել սեփական ընկալմամբ։ Հարցվածների ավելի քան կեսը (59%-ը) նշել է, որ լուրերին սոցիալական ցանցերից հետևում է «հաճախ կամ երբեմն», սակայն միայն 19%-ն է նախապատվությունը տալիս հենց սոցցանցերին։
Ֆեյսբուքից լուրեր սպառողների 33%-ը տղամարդիկ են, իսկ 49%-ը՝ 30-49 տարեկան անձինք։ Հարթակն առավել տարածված է կանանց (47%), իսպանախոս ամերիկացիների (51%), միջնակարգ կրթություն ունեցողների (46%) և հանրապետականների (43%) շրջանում։
Ամերիկացի օգտատերերի շրջանում լրատվության կանոնավոր սպառումն աճել է Pew-ի ուսումնասիրած 12 սոցիալական հարթակներից 9-ում, այդ թվում՝ YouTube, Instagram, TikTok, X (Twitter), Reddit, Nextdoor, LinkedIn և WhatsApp ցանցերում։ Լրատվության սպառումը նվազել կամ նույն մակարդակին է մնացել Rumble, Truth Social և Bluesky հարթակներում։
Ամերիկայի չափահաս բնակչության շրջանում ամենաշատն օգտագործվող երկրորդ հարթակը YouTube-ն է (34%), որին հաջորդում են Instagram-ը (23%), TikTok-ը (20%) և X-ը (10%)։ YouTube-ով լուրերին հետևողներն ավելի հաճախ տղամարդիկ են (41%), 18-29 տարեկաններ (39%), ինչպես նաև սևամորթ (47%) կամ ասիական ծագում ունեցող (53%) ամերիկացիներ։ Հանրապետականներն (35%) ու դեմոկրատները (36%) YouTube-ից լուրեր սպառում են հավասարապես։
Երիտասարդների շրջանում լրատվության ամենահանրաճանաչ հարթակը Instagram-ն է (43%), որին հաջորդում են Facebook-ը (40%), TikTok-ն ու YouTube-ը (երկուսն էլ՝ 39%), ինչպես նաև X-ն ու Reddit-ը (երկուսն էլ՝ 18%)։
Կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ չափահասների 20%-ն այժմ լուրերը կանոնավորապես ստանում է TikTok-ից, ինչը 2020 թվականի համեմատ (3%) կտրուկ աճ է։ TikTok օգտատերերի 53%-ը նշել է, որ հարթակում կանոնավորապես լուրեր է կարդում կամ դիտում։
Nextdoor հարևանության ֆորում-հավելվածից օգտվողները նույնպես ավելի ու ավելի հաճախ են տեղեկատվություն ստանում այնտեղից․ 2026 թվականին օգտատերերի 45%-ը նշել է, որ կանոնավորապես լուրեր է ստանում հավելվածից՝ 2022 թվականի 23%-ի համեմատ։