Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները

Ռուբիոն նաև առանձին հանդիպումներ է անցկացրել Կենտրոնական Ասիայի իր գործընկերներից յուրաքանչյուրի հետ։

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տիլեուբերդին Ռուբիոյի հետ քննարկել է առևտրի, էներգետիկայի, կարևորագույն հանքային ռեսուրսների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հարցերը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարը հետաքրքրություն է հայտնել դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովից հետո Ղազախստան այցելելու հարցում, թեև կոնկրետ ամսաթիվ դեռ չի նշվել։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև Ղազախստանի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու մտադրությունը։ Դրանք Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող շրջանակ են։

Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանն էլ Ռուբիոն քննարկել է երկկողմ համագործակցությունը։

Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինը, ըստ իր ղեկավարած ծգերատեսչության տվյալների, բարձրացրել է առևտրի, ներդրումների և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Ռուբիոն բանակցություններ է վարել նաև Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Կողմերը նախապատրաստում են քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին՝ Աշխաբադում։

Ուզբեկստանն ու ԱՄՆ-ն անցկացրել են Ռազմավարական գործընկերության խորացման երկխոսության առաջին փուլը, որի ընթացքում քննարկվել են առևտրի, էներգետիկայի, տեխնոլոգիաների և անվտանգության հարցերը։

Բանակցությունների արդյունքներով՝ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Սաիդովը Ռուբիոյի ներկայությամբ ստորագրել է «Արտեմիս» համաձայնագրերը՝ Ուզբեկստանը դարձնելով տիեզերքի խաղաղ հետազոտմանն ուղղված միջազգային նախաձեռնությանը միացած 77-րդ երկիրը։

Leave a comment