ԿԸՀ–ն կոչ է անում ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ չհնչեցնել

Բաժանորդագրվել

Հանձնաժողովը պնդում է, թե օպերատիվ արձագանքում է տեղի ունեցող գործընթացներին՝ ոչ բոլոր դեպքերում հանրայնացնելով դա։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, որոնք կարող են խաթարել հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և վնաս հասցնել ժողովրդավարությանը։ Այս մասին նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

ԿԸՀ-ն պնդում է, թե հետևում է ընտրական գործընթացներին և իր լիազորությունների շրջանակում օպերատիվ արձագանքում առաջացած խնդիրներին, առերևույթ իրավախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերում նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին և այլն։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից աշխատանքային կարգով իրականացվող ոչ բոլոր գործողությունները և ձեռնարկվող միջոցառումներն են հրապարակայնացվում։ Որոշ դեպքերում դրանց հրապարակայնացումը կարող է վնասել ընտրական գործընթացի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովը ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ է անում դրսևորել պատասխանատվություն և հրապարակային հայտարարություններում հիմնվել ստուգված փաստերի վրա։

Leave a comment