ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ծանուցի ԿԳՄՍ նախարարությանը՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Օրենքով սահմանված պատշաճ ծանուցմամբ ԿԳՄՍՆ պետք է ներկայացվեն նշված օրենքի 11-րդ հոդվածում նշված վավերապայմանները և ծանուցման ամսաթիվը: Հետագայում ԿԳՄՍՆ-ին անհրաժեշտ է տեղեկացնել նաև ծանուցման ժամանակ նշված վավերապայմանների փոփոխության մասին, եթե այդպիսիք առկա են:
Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է կատարի պետական տուրքի վճար՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: