Տրնդեզի գաղտնիքները. Վահագն աստծո առասպելից մինչև նորապսակների օրհնություն

Տրնդեզ․ ինչպե՞ս է հեթանոսական «Դռնդեզը» դարձել եկեղեցական սիրված տոն


ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 13-ի երեկոյից և փետրվարի 14-ին նշում է ժողովրդի կողմից ամենասիրված տոներից մեկը՝ Տրնդեզը կամ Տյառնընդառաջը։ Հենց այս օրն են ծնողները մանուկ Հիսուս Քրիստոսին բերել Երուսաղեմի տաճար։ Դա տեղի է ունեցել Սուրբ Ծննդից 40 օր հետո։ Երուսաղեմի տաճարում Սուրբ ընտանիքին դիմավորել է Սիմեոն Ծերունին։


Ինչպե՞ս «Դռնդեզը» դարձավ «Տրնդեզ»





Այս եկեղեցական տոնի արմատները գալիս են հեռավոր նախաքրիստոնեական անցյալից, երբ հայերի նախնիները դեռևս կրակապաշտ էին։ Այն ժամանակ տոնը կոչվում էր «Դռնդեզ», ինչը բառացի նշանակում է «խոտի դեզ վառել Տիրի պատվին»։ Երբ Հայաստանը 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, տոնի անվանումը փոխվեց, և «Դռնդեզը» վերածվեց «Տրնդեզի»՝ առաջանալով հայերեն «Տեր» բառից։


Տրնդեզի առասպելը


Տրնդեզը, ըստ էության, ձմռան ճանապարհումն է և գարնան դիմավորումը։


Այս տոնի ծագումը ժողովրդական բանահյուսությունը կապում է կրակի աստված Վահագնի առասպելի հետ։ Հոգնելով դաժան ձմեռից՝ արիները խարույկներ վառեցին, որպեսզի օգնեն արևին և արագացնեն գարնան գալուստը։ Առավոտյան արևի աստվածային կրակից ծնված Վահագնը սպանեց ջրի ակունքը հսկող Վիշապին, որը մարդկանց ջուր էր տալիս միայն մարդկային զոհերի դիմաց։ Ջուրը հոսեց, և երկիրը ծաղկեց։ Այսպես, կրակն օգնեց հաղթել ձմռանը։


Տրնդեզի խորհուրդը





Տյառնընդառաջը համարվում է կարևորագույն իրադարձություն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքում, երբ 40 օրականում մայրը նրան բերեց տաճար՝ Տիրոջը գոհաբանական աղոթք մատուցելու և քահանայից օրհնություն ստանալու համար։ Ըստ եկեղեցական կանոնակարգի՝ տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան, երեկոյան ժամերգության ավարտից հետո կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։


Ինչպե՞ս են հայերը նշում Տրնդեզը


Հայերի մոտ Տրնդեզի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով, ձեռք ձեռքի տված, թռչում են սիրահար զույգերը կամ նորապսակները, ինչպես նաև, ըստ ցանկության, տոնախմբության մյուս մասնակիցները։ Տոնը համարվում է ընտանիքի օրհնության օր, հատկապես, եթե ընտանիքում նորածին երեխա կա։


Տրնդեզի հրաշքները





Համարվում է, որ եթե սիրահարները կամ նորապսակները կարողանան թռչել խարույկի վրայով առանց ձեռքերը բաց թողնելու, ապա նրանց ընտանիքը կլինի ամուր, իսկ սերը՝ հավերժ։ Այս օրը ընդունված է զույգերի վրա ցորենի և կանեփի սերմեր շաղ տալ՝ որպես երջանկության և բարօրության գրավական։ Եթե երիտասարդները բավականաչափ բարձր չեն թռչում, դա նույնպես խնդիր չէ. տոնական խարույկի բոցը, «լիզելով» կրունկները, նրանց կփոխանցի նորացման և բարեկեցության էներգիա։


Տրնդեզի զորությանը հավատում են նաև անզավակ կանայք, ովքեր թռչում են խարույկի վրայով՝ հույս ունենալով զգալ մայրության բերկրանքը։ Ասում են, որ դա պատահել է նույնիսկ նրանց հետ, ովքեր չէին հավատում կրակի հրաշագործ ուժին։ Խարույկի վրայով թռչում են նաև մյուս մասնակիցները՝ հույս ունենալով վանել և ձախորդությունը։ Դրանից հետո բոլորը ձեռք ձեռքի են տալիս և շուրջպար բռնում խարույկի շուրջ։ Գյուղական վայրերում մնացած մոխիրը հավաքում և շաղ են տալիս դաշտերում՝ առատ բերք ապահովելու համար։

Leave a comment