Իսպանացի ֆուտբոլային մարզիչ Պեպ Գվարդիոլան կոչ է արել համերաշխություն հայտնել Պաղեստինին և անտարբեր չմնալ Գազայում տեղի ունեցողի հանդեպ։
Ինստագրամյան տեսանյութում Գվարդիոլան նշել է, որ յուրաքանչյուր մահվան հետևում մարդկային կյանք է։ «Նրանք պարզապես չեն մահացել, նրանց սպանել են։ Նրանք պարզապես թվեր չեն։ Նրանք մարդիկ են՝ անուններով, դեմքերով, ընտանիքներով, երազանքներով և հիշողություններով։ Նրանք «կողմնակի վնաս» չեն, նրանք աղջիկներ և տղաներ են։ Երբ մենք դադարում ենք նրանց անուններով կոչել և սկսում ենք օգտագործել բառեր, որոնք քողարկում են ցավը, մենք սկսում ենք կորցնել մեր սեփական մարդկայնությունը»,- ընդգծել է «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչը։
«Մինչ Գազան ավերակների է վերածվել, Հորդանան գետի արևմտյան ափում շարունակվում են պաղեստինցիների տների քանդումն ու նրանց հարկադիր տեղահանումը։ Այս համատեքստում կարևոր է հիշել, որ միլիոնավոր պաղեստինցի փախստականների համար տառապանքը չի սկսվել այսօր։ Տասնամյակներ շարունակ նրանք ապրել են հարկադիր տեղահանման, բռնության, կորուստների, հոգեկան տրավմաների, անորոշության և անարդարության պայմաններում, սակայն նրանք չեն հանձնվում։ Մենք հիանում ենք պաղեստինցի ժողովրդի տոկունությամբ և վճռականությամբ»,- ասել է Պեպ Գվարդիոլան։
Իսպանացու խոսքով՝ ոչ մի երեխա չպետք է ստիպված լինի մեծանալ՝ սովորելով, թե ինչպես գոյատևել, նախքան կսովորի, թե ինչպես ապրել։ «Այսօր լռությունը նույնպես կողմ ընտրելու միջոց է։ Սակայն մենք չենք կարող աչք փակել։ Պաղեստինը կարևոր է։ Պաղեստինին արդարություն և խաղաղություն է հարկավոր։ Խնդրում եմ, շարունակեք խոսել Պաղեստինի մասին և պաշտպանել մեր ընդհանուր մարդկայնությունը»,- ընդգծել է Գվարդիոլան։